Հայկական ավանդական փախլավան և Սևանի խանութ-հացատունը՝ ամերիկյան WGBH-TV-ի եթերում
Ամերիկյան WGBH-TV հեռուստաալիքով հեռարձակվող «Հարևան երկրների խոհանոցները» (Neighborhood Kitchens) հեռուստաշոուն իր հաղորդումներից մեկը նվիրել է ԱՄՆ Վոթերթաուն քաղաքի (Մասաչուսեթսի նահանգ) ամենահայտնի խանութներից մեկին՝ հայկական Սևանի խանութ-հացատանը:
Ինչպես հաղորդում է ԱՄՆ-ում հրատարկվող Armenian Weekly պարբերականը, Neighborhood Kitchens-ի ապրիլի 27-ի թողարկման հյուրը լինելու է Սևանի խանութ-հացատան (1984թ-ից) հիմնադիր Նուրան Չավուշյանը. երիտասարդ հայ խոհարարն ամերիկացի հեռուստադիտողին ներկայացնելու է մի քանի հետաքրքիր բաղադրատոմսեր, ինչպես նաև խանութի ողջ «հարստությունը»: Չավուշյանը պատրաստելու է սմբուկի մեջ լցոնված բլղուրով փլավ, պանրով և սամիթով կարկանդակ և իհարկե հայկական ավանդական փախլավան, սակայն պիստակով:
Հաղորդման շրջանակում ներկայացվելու է նաև խանութի հարուստ տեսականին՝ տարբեր տեսակի ձիթապտուղները, ընդեղենը, չրերը, աղանդերը և այլն:
Neighborhood Kitchens հեռուստածրագիրը, որ հեռարձակվում է Մասաչուսեթսի նահանգի Նյու Ինգլանդի շրջանի տարածքում, եթերում է արդեն 35 տարի: Հաղորդման նպատակն է բազմազգ այդ շրջանի բնակիչներին հաղորդակից դարձնել տարատեսակ մշակույթներին՝ տարբեր ազգերի խոհանոցների և ուտեստների միջոցով:
«Հարևան երկրների խոհանոցների» նոր եթերաշրջանը մեկնարկել է ապրիլի 13-ին:
«Այս եթերշրջանի ընթացքում մենք հեռուստադիտողին ներկայացնելու ենք հայկական, միջերկրածովյան, վիետնամական, հնդկական, իտալական մշակույթների խոհանոցային ավանդույթները: Ես յուրաքանչյուր շաբաթ անհամբեր սպասում եմ յուրօրինակ այս ճամփորդությանը»,- ասել է Neighborhood Kitchens-ի հաղորդավար Մարգարիտա Մարտինեսը:
Լուսանկարում՝ Չավուշյանը և Մարտինեսը՝ Սևանի խանութ-հացատան առջև










