Հայկական կինոյի 15 լավագույնները. կայացավ «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)

23:59 • 28.04.13

«Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում կայացավ «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության 2-րդ հանդիսավոր արարողությունը, որն այս անգամ աչքի ընկավ նաև երեկոյի բեմադրական մասով: Հյուրերից ռեժիսոր Կարեն Շահնազարովը նկատեց, որ կարելի էր հատուկ մրցանակ տալ նաև արարողության բեմադրիչին:

Իսկ երեկոյի ընթացքում մրցանակների արժանացան հետևյալ ֆիլմերն ու կինոգործիչները:

 

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում մրցանակը շնորհվեց Հարություն Խաչատրյանին`  «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմի համար: Սակայն անվանի ռեժիսորը, ժյուրիից ներողություն խնդրելով, իր մրցանակը շնորհեց երիտասարդ ռեժիսոր Մարիա Սահակյանին («Այդ ես չեմ» )` ցանկանալով այդ կերպ խրախուսել ավելի երիտասարդ գործիչներին: Քիչ անց, սակայն Մարիան ստացավ նաև իր մրցանակը. նրա «Այդ ես չեմ» աշխատանքը ճանաչվեց «Լավագույն խաղարկային ֆիլմ»: 

 

«Լավագույն օպերատոր» անվանակարգում մրցանակ շնորհվեց Մկրտիչ Մալխասյանին` «Այդ ես չեմ» ֆիլմի համար:  Նա առաջադրված էր նաև «Գարեգին Նժդեհ» ֆիլմի համար իր օպերատորական աշխատանքով: 

 

«Լավագույն սցենարի հեղինակ»` Թերեզա Վարժապետյան – Միքայել Պողոսյան  («Եթե բոլորը»):

 

«Լավագույն նկարիչ»`  Արմեն Ղազարյան («Թափառում»):


«Լավագույն կոմպոզիտոր»` Վահագն Հայրապետյան  («Եթե բոլորը»):

 

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում ներկայացվածներից (Եկատերինա Շիտովա, Մարիամ Դավթյան, Լուիզա Ներսիսյան) հաղթող ճանաչվեց Մարիամ Դավթյանը («Ձայն լռության»):

 

«Երկրորդական դերի լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրվածներից (Ժենյա Մկրտումյան, Արմինե Անդա, Ֆրիդա Յորք) մրցանակը հաձնվեց Ժենյա Մկրտումյանին («Եթե բոլորը»): 

 

«Լավագույն դերասանի» մրցանակի համար  պայքարեցին Վիգեն Չալդրանյանը, Հովհաննես Ազոյանը, Եվգենի Ցիգանովը և Շանթ Հովհաննիսյանը: Մրցանակին արժանացավ վերջինս` «Գարեգին Նժդեհ» ֆիլմի համար:


«Երկրորդական դերի լավագույն դերասան» անվանակարգում ներկայացվածներից (Կարեն Ջանգիրով, Արտաշես Ալեքսանյան, Խորեն Լևոնյան) մրցանակի արժանացավ Լևոնյանը («Գարեգին Նժդեհ»):

 

«Լավագույն կարճամետրաժ ֆիլմ»` Թամարա Ստեփանյանի «Փերվարի 19»-ը:

 

«Լավագույն վավերագրական ֆիլմ»` Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձը»: 

 

«Լավագույն անիմացիոն ֆիլմ»` Նաիրա Մուրադյանի «Բալետը»: 

 

«Լավագույն դեբյուտ»` Մարինե Զաքարյանի «Փասիանի որսորդը»: 

 

«Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում ժյուրին մրցանակը շնորհել էր  Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագր» ֆիլմին:

 

Շնորհվեցին նաև հատուկ մրցանակներ` Արմեն Ջիգարխանյանին և Ներսես Հովհաննիսյանին` կինոյում ունեցած ներդրման համար, հայկական կինոակադեմիայի մրցանակին արժանացան Արման Երիցյանի` «Donkeymentary» ֆիլմը և Պիետրո Մարչելլոյի «Փելեշյանի լռությունը» ֆիլմը, իսկ ՀՀ մշակույթի նախարարության հատուկ մրցանակը  տրվեց` Վիգեն Չալդրանյանին՝ «Ձայն լռության» աշխատանքի համար: