Կարեն Շահնազարովը հավակնում է Հայկական «օսկարին»՝ Հայակին
Այսօր երեկոյան կկայանա «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության 2-րդ հանդիսավոր արարողությունը, որի առիթով Երևան է ժամանել հայտնի ռուսաստանահայ կինոգործիչ Կարեն Շահնազարովը, ով նաև ազգային կինոմրցանակի հավակնորդների թվում է. Շահնազարովի «Սպիտակ վագրը» առաջադրված է «Արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում։
Լրագրողների հետ հանդիպմանը Կարեն Շահնազարովն ասաց, որ զգացված է, որ ներկայացվել է նաև իր աշխատանքը։ «Լավ զգացողություներ ունեմ առաջադրված լինելուս համար։ Զգացված եմ, ուրախ եմ»,– ասաց նա և կարծիք հայտնեց, որ ընդհանուր առմամբ, «Հայաստանը միշտ ճիշտ է գնահատել կինեմատոգրաֆը»։
Կարեն Շահնազարովը նաև կատակեց, թե այնտեղ, որտեղ փող չկա, գնահատվում է արվեստը` նկատի ունենալով ամերիկյան Օսկարը, որին իր ֆիլմը ևս ներկայացված էր 2012-ին։
«Հայակ»-ի ժյուրին` կինոգետ Դավիթ Մուրադյանի գլխավորորությամբ, արդեն ընտրել է լավագույններին՝ 15 տարբեր անվանակարգերում։ Այս տարի՝ նոր անվանակարգեր են ավելացել՝ «Երկրորդական դերի լավագույն դերասան», «Երկրորդական դերի լավագույն դերասանուհի» և «Արտասահմանյան ֆիլմ»։
«Հայակ – 2013»-ին ներկայացվել է 48 ֆիլմ, որից 6-ը արտերկրից, իսկ 42-ը` Հայաստանից:










