Սյունեցիները Տաթևի վանքի առջև դիտեցին «Գարեգին Նժդեհ» ֆիլմը և պարեցին «Մարաթուկի» հետ (լուսանկարներ, տեսանյութ)

19:27 • 28.04.13

Սյունիքի մարզի Տաթևի վանքի հարակից գյուղերի համար երեկ տոն էր: Հենց վանքի պատերի շուրջ Տաթև, Հալիձոր, Խոտ, Շինուհայր, Սվարանց գյուղերի բնակիչները հնարավորություն ունեցան դիտել իրենց համերկրացու` ռազմական, քաղաքական և պետական գործչի` Գարեգին Նժդեհի մասին վերջերս նկարահանված համանուն ֆիլմը: Այն դիտելու էին եկել գյուղի ինչպես ամենափոքր, այնպես էլ տարեց բնակիչները: 

 

Սյունեցիների համար մեծ էկրանի վրա ֆիմի ցուցադրումը կազմակերպել էր «Տաթևի վերածնունդ» հիմնադրամն ու «ՏաԹևեր» ճոպանուղին կառավարող ընկերությունը: Օրը պատահական չէր ընտրված. 1921թ-ի ապրիլի 26-ին Սյունիքը Տաթևի վանքում հռչակվել է Լեռնահայաստան:

 

«Ֆիլմն այստեղ ցուցադրելու գաղափարը առաջացավ հենց այն ժամանակ, երբ հունվարին տեղի ունեցավ պրեմիերան, սակայն եղանակային պայմանների պատճառով հնարավոր չէր: Իսկ այսօր՝ Լեռնահայաստանի հռչակման օրը ֆիլմի ցուցադրումը տրամաբանված է ու իմաստուն»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Տաթևի վերածնունդ» հիմնադրամի տնօրեն Արտակ Մելքոնյանը:

 

Մինչ ֆիլմի ցուցադրումը, սյունեցիների համար ելույթ ունեցավ «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթը, որոնց երգերից ոգևորված սյունեցիները ևս պար բռնեցին: Tert.am-ի հետ զրույցում համույթի անդամ Անահիտ Սարգսյանը նշեց, որ այս տարի լրանում է համույթի 30-ամյակը և հոբելյանական տարվա առիթով իրենք ելույթ են ունենում մի շարք տեղերում: Այստեղ համույթը մատաղ բաժանեց հավաքվածներին` 25 տարի առաջ այս նույն օրը տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհերից խուսափելու համար: 

 

Սյունիքում էր նաև «Գարեգին Նժդեհ» ֆիլմի Գարեգին Նժդեհի երիտասարդ շրջանի դերակար Շանթ Հովհաննիսյանը, ով արմատներով ևս Լեռնահայաստանից է: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ֆիլմն արդեն ցուցադրվել է ինչպես Հայաստանի տարբեր քաղաքներում, այնպես էլ Ռուսաստանում, ԱՄՆ-ում և այլուր, սակայն առավել հուզիչ է, երբ այն ցուցադրվում է Սյունքիում:

 

«Ֆիլմի ցուցադրությունը սյունեցիների համար կարևորում եմ նրանով, որ հենց իրենք են անաչառ հանդիսատեսը: Ես փորձել եմ առավելագույն կերպով մոտենալ կերպարին ու չհիասթափեցնել հանդիսատեսին»,-ասաց դերասանը: