Պարն է արտահայտում յուրաքանչյուր ազգի քաղաքակրթության աստիճանը. Գագիկ Գինոսյան
Ապրիլի 29-ը պարի միջազգային օրն է: Այս առիթով այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Կարին» ավանդական երգի և պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը նշեց, որ այսօր Հայաստանում չի պրոպագանդվում հայկական ավանդական պարը, փոխարենը հեռուստատեսությամբ օտարերկրյա պարեր ինչքան ուզես կարող ես տեսնել:
«Հայկական ԶԼՄ-ներին բացարձակապես ազգային մշակույթը հետաքրքիր չէ: Պատճառը պարզ է, որ չեն կարողանա ունենալ այնքան գովազդ, որ գումարներ վաստակեն: Բայց հեռուստատեսությունը ազգային և օտարերկրյա պարեր ցուցադրելիս, գոնե որոշակիորեն բալանսը պետք է պահի»,- ասաց նա ու մեջբերեց Կոմիտասի հետևյալ խոսքը. «Պարն է արտահայտում յուրաքանչյուր ազգի քաղաքակրթության աստիճանը»:
Միաժամանակ Գագիկ Գինոսյանը չցանկացավ համեմատություն անցկացնել հայկական և օտարերկրյա պարերի միջև, սակայն ընդգծեց, որ յուրաքանչյուր պար հիմքում պետք է ազգային հոգեբանություն ունենա, առանց որի ոչ մի մշակույթ ապրելու իրավունք չի ունենա:
Ասվածի հետ համաձայնեց սպորտային պարերի պարուսույց Արմեն Մկրտչյանը: Նա նշեց, որ այսօր նույնիսկ լատինամերիկյան պարեր բեմադրելիս իրենք փորձում են հայկական պարերի որոշակի «էլեմենտներ» մտցնել:
«Ես 7 տարի պարել եմ հայկական պարեր, որից հետո նոր որոշել եմ սպորտային պարերով զբաղվել: Միաժամանակ նշեմ, որ հայկական պարերի ավելի շատ են գնում մեր երեխաները: Օրինակ՝ մենք այսօր ունենք տղաների պակաս մեր պարերում, աղջիկներն էլ ավելի մեծ տարիքում են գալիս պարի: Այսինքն՝ հաճախ աղջիկները ստիպված են լինում աղջիկների հետ պարել՝ զույգ չունենալու պատճառով»,- ասաց նա:
Գագիկ Գինոսյանը կարևորեց նաև բանակում ռազմապարի դասընթացի ներմուծումը. «Սա շատ կարևոր է, որովհետև մեր նախնիները միշտ պարել են ռազմապար: Պատկերացնո՞ւմ եք ինչ ոգևորություն կարող է մտնել մեր երիտասարդների մեջ այդ պարից հետո, բարձրացնել ազգային գիտակցությունը»:










