Էմիր Կուստուրիցան որոշել է «հանգուցյալ» դառնալ ԶԼՄ-ների համար
Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել հասարակական կյանքին, գրում է rosbalt.ru-ն։ Նա այլևս չի պատրաստվում որևէ հարցազրույց տալ, արտահայտվել քաղաքականության մասին և պետական պաշտոններ զբաղեցնել։
«ԶԼՄ-ների համար ես այժմ «հանգուցյալ» եմ»,- ասել է ռեժիսորը՝ նշելով, որ իր որոշումը կապված է պետական միջոցները յուրացնելու վերաբերյալ անհիմն մեղադրանքների հետ, որոնք հնչել են իր հասցեին այս տարեսկզբին։
Մոկրա Գորա արգելոցի ղեկավարության գործունեության ստուգումներից հետո, որի տնօրենը Կուստուրիցան էր, տեսուչները հայտնել են 2.7 մլն եվրո բյուջետային միջոցների ծախսման չարաշահումների բացահայտման մասին։
Կուստուրիցան ասել է, որ այս սկանդալը վերջին կաթիլն էր, որը լցրել է նրա համբերության բաժակը։
Փետրվարի 28-ին Կուստուրիցան հայտարարել էր, որ որոշել է լքել Ազգային բուսաբանական այգու տնօրենի և երկրի Դահուկային միության նախագահի պաշտոնները։










