Լեոնարդո Դի Կապրիոն փրկում է բնությունը՝ արվեստի ուժով (լուսանկարներ)
Հոլիվուդի ամենավառ դերասաններից մեկը՝ Լեոնարդո Դի Կապրիոն, ոչ միայն տաղանդավոր դերասան է և սրտակեր, ով բազմաթիվ կանանց սրտեր է կոտրել, այլև շատ շռայլ մարդ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է բնության պաշտպանությանը, հայտնում է rbc.ru-ն։
Դերասանի Leonardo Di Caprio Foundation հիմնադրամը և Christie's աճուրդի տունը համատեղ վաճառք կիրականացնեն, որի ընթացքում ակնկալում են ստանալ 15-20 մլն դոլար։ Գումարը կուղղվի բնապահպանական նախագծերի։ Աճուրդի տան ներկայացուցչի խոսքով, սակայն, դեռևս հայտնի չէ, թե մասնավորապես ինչի համար կծախսվեն ստացված գումարները։
Մայիսի 8-ին նախատեսված աճուրդում կներկայացվեն Մարկ Գրոտյանի, Քերոլ Բովեի, Ջոն Քարինի, Էլիզաբեթ Փեյթոնի և այլ նկարիչների աշխատանքներ։
Դերասանը հույս ունի աճուրդում վաճառել 10-15 աշխատանք, սակայն դրանց թիվը կարող է հասնել 30-ի։

Մարկ Գրոտյանի այս կտավը նկարված է յուղաներկով, ստվարաթղթի վրա։ Պատկերված է դրախտային թռչուն, կարելի է տեսնել նաև մարդու դեմք։ Կտավի նախնական արժեքն է 1.500.000-ից մինչև 2.500.000 դոլար։

Ռիչարդ Փրինսի լավագույն գունավոր լուսանկարներից մեկն է «Կովբոյի ուրվագիծը» աշխատանքը։ Նկարի նախնական արժեքն է 600.000-ից մինչև 800.000 դոլար։

Ռոբերտո Լոնգոն լավագույն նկարիչներից է, ով նկարում է ածուխով։ Վագրը կարող է թվալ սև ու սպիտակ լուսանկար, սակայն այն իրականում կտավ է։ Նախնական արժեքն է 150.000-ից 200.000 դոլար։










