Նիկոլայ Դոնև. Հայաստանում շատ երիտասարդներ 1-2 հանդիպում անցկացնելուց հետո մտածում են, թե իրենք աստղ են

19:11 • 29.04.13

Երևանի «Բանանցի» դարպասապահների հետ վերջին տարիներին աշխատում է բուլղարացի մասնագետ Նիկոլայ Դոնևը, ով նախկինում աշխատել է Դոնեցկի «Մետալուրգում»: Armsport.am-ը զրուցել է փորձառու մասնագետի հետ:

 

- Պարոն Դոնև, Դուք արդեն Հայաստանում աշխատելու զգալի փորձ ունեք: Այս տարիների ընթացքում ի՞նչ կարծիք եք կազմել մեր դարպասապահների դպրոցի մասին:

 

- Արդեն չորս տարի է, ինչ Հայաստանում եմ և, գրեթե, հայ եմ… Կան շատ երիտասարդներ, որոնք հույս են ներշնչում, բայց պետք է աշխատել և սպասել: Լավ դարպասապահ դառնում են 24-25 տարեկանում, իսկ մինչ այդ ամեն ինչ էլ հնարավոր է դարպասապահի մոտ` սխալներ, վրիպումներ… Այսօր Հայաստանում բազմաթիվ երիտասարդ դարպասապահներ կան: Ես նույնիսկ չէի էլ ակնկալում, որ այսքան շատ երիտասարդ և հեռանկարային տղաներ կլինեն: Բոլոր ակումբներում էլ մրցակցություն նկատվում է:

 

- 2011-ի տարեվերջին Հայաստանում օրենք ընդունվեց, որի համաձայն՝ Բարձրագույն խմբում իրավունք ունեն հանդես գալ միայն Հայաստանի քաղաքացիություն ունեցող դարպասապահները: Սկզբում այս որոշումը միանշանակ չընդունվեց, եղան նաև քննադատություններ, սակայն, ժամանակի ընթացքում, օրենքի կողմնակիցների թիվն ավելանում է: Դուք նույնպե՞ս ողջունում եք այդ մոտեցումը:

 

- Դա միանգամայն ճիշտ որոշում էր, քանի որ երկու տարի առաջ Հայաստանում, հիմնականում, վստահում էին արտասահմանցի դարպասապահների, բայց նրանց շարքում չկային բարձրակարգ ֆուտբոլիստներ: Պարզապես, հայկական թիմերը կարծում են, որ եթե արտասահմանցի է, ապա ավելի լավն է, քան տեղացի խաղացողը և հենց դրա համար էլ վստահում էին: Ժամանակը ցույց տվեց, որ իրականում այդպես չէ: Արտասահմանցիների շարքում չկային Բերեզովսկու մակարդակի դարպասապահներ: Իսկ այսօր արդեն աճում են դարպասապահներ, որոնք առաջիկայում կարող են փոխարինել Բերեզովսկուն, որի կարիերան մոտենում է ավարտին:

 

- «Բանանցի» գլխավոր թիմում ներկայումս ընդգրկված են 3 դարպասապահներ, սակայն հիմնական կազմում տեղ է ունի Արթուր Թորոյանը, ով անհամեմատ քիչ փորձ ունի, քան մյուս դարպասապահները` Ստեփան Ղազարյանը և Նիկոլայ Սարգսյանը… Արթուրին ինչպե՞ս հաջողվեց դառնալ առաջին համարը թիմում:

 

- Նրան այդ իրավունքը՝ որպես նվեր չեն տվել: Նա ուղղակի ամեն օր լավ աշխատանք էր կատարում Առաջին խմբում, և եկավ մի պահ, երբ տեսանք, որ իր մակարդակով արդեն չի զիջում փորձառուներին: Պետք է նշեմ, որ մյուս երկու դարպասապահները` Ղազարյանը և Սարգսյանը ևս շատ լավ ֆուտբոլիստներ են: Թորոյանը բավական խելամիտ տղա է, անընդհատ ցանկանում է սովորել և աշխատել, մինչդեռ ես այսօր տեսնում եմ, որ Հայաստանում շատ երիտասարդներ 1-2 հանդիպում անցկացնելուց հետո մտածում են, թե իրենք աստղ են։ Նրանք սկսում են տարվել իրենց հագուկապով և սանրվածքով… Իսկ Թորոյանը մարզումներին գալիս է աչքերը լայն բացած, սպասում է նոր առաջադրանքների՝ պատրաստ դրանք անմիջապես կատարելու։

 

- Շատ թիմեր դժգոհում են դարպասապահների խնդրից: Ձեզ հետ զրույցից կարելի է ենթադրել, որ «Բանանցում» նման խնդիր չկա:

 

-Մեզ մոտ ուժեղ մրցակցություն է և, կարծում եմ, որ նման խնդիր չկա: Ընդհանրապես, հայկական ակումբներում դարպասապահների խնդիրն աստիճանաբար վերանում է: Տեսնում եմ, որ մյուս թիմերում էլ կան շատ լավ դարպասապահներ, որոնք առաջադիմում են և ապացուցում, որ կարող են հանդես գալ հիմնական կազմում: Պարզապես պետք է վստահել երիտասարդներին և համբերել:

 

- «Բանանցը» Հայաստանի ընթացիկ առաջնությունում գտնվում է վերջին հորիզոնականում և այնտեղից հեռանալու չնչին հնարավորություններ ունի: Ըստ Ձեզ, ի՞նչն է խանգարում թիմին՝ ավելի հաջող հանդես գալ Բարձրագույն խմբում:

 

- Հիմնական պատճառը՝ լեգեոներների բացակայությունն է: Հիմնական կազմում խաղում են բավական երիտասարդ տղաներ: Փորձը չի հերիքում ավելին անել: Երկու տարի հետո «Բանանցը» լրիվ այլ մակարդակի ֆուտբոլ կցուցադրի:

 

- Մրցաշրջանը շուտով ավարտվում է: Շարունակելու՞ եք աշխատել «Բանանցում»:

 

- Հաճույքով կշարունակեմ աշխատանքս, քանի որ այստեղ ինձ դուր է գալիս: Հայաստանում ինձ զգում եմ՝ ինչպես իմ երկրորդ տանը: Աշխատանքը շարունակելու հարցով քննարկումներ կլինեն, որից հետո պարզ կլինի:

 

- Հայաստանի և Բուլղարիայի հավաքականները մրցակիցներ են 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում: Մեկնարկից առաջ Բուլղարիան ուղեգրի հավակնորդ չէր համարվում, սակայն ներկայումս 2-րդ տեղում է: Սպասո՞ւմ էիք, որ Ձեր հայրենակիցները 6 խաղից հետո պարտություն չեն ունենա:

 

- Անկեղծ ասաց, ինձ համար հաճելի անակնկալ է Բուլղարիայի հավաքականի ելույթը և ես շատ ուրախ եմ, որ ներկայումս լավ հնարավորություններ կան՝ 2-րդ հորիզոնականը գրավելու առումով: Կարծում եմ` շատերն են զարմացած Բուլղարիայի ցուցադրած խաղից: Ազգային թիմը գլխավորում է հիանալի մասնագետ` Պենևը, ով շատ լավ գիտի իր անելիքը և կարողանում է թիմին տանել առաջ: Ես վստահ եմ, որ Բուլղարիան լավ արդյունքով է ավարտելու ընտրական փուլը: