Արաբկիր հանրախանութից՝ 10 մլն դոլարանոց ներդրումային ծրագիր. նախագծից շեղումները և քրեական վարույթը. Hetq.am
10 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրով վերակառուցվում է նախկին «Արաբկիր» հանրախանութը և հարակից այգին։ Մոտ երեսուն տարի լքված այգու, կրպակաշարերի և հանրախանութի տեղում կառուցվում է հասարակական բազմաֆունկցիոնալ կենտրոն՝ շրջապատված այգով։ Կենտրոնի շենքը նախագծված է ժամանակակից պարամետրիկ ճարտարապետության սկզբունքներով: Այս մասին գրել է Հետքը:
Նախագծի գլխավոր ճարտարապետը «Իթակէ 999» ճարտարապետական ստուդիայի հիմնադիր Տելեմակ Անանյանն է, կառուցապատողը՝ «Հայկ-88» ՍՊԸ-ն։ Այս համագործակցությունը, սակայն, երկար չի տևել. շինարարության փուլում հեղինակի և պատվիրատուի հարաբերությունները վատացել են։ Ճարտարապետը հայտարարում է, որ աշխատանքներն իրականացվում են հաստատված նախագծից էական շեղումներով, խախտումներով: Շինհրապարակում տեսչական մարմնի ստուգումները խոչընդոտվել են։ Գլխավոր ճարտարապետի խոսքերով՝ նախագծի շինարարական փուլում նրա հիմնական տարաձայնությունները եղել են Վախթանգ Սիսակյանի հետ։ Նրա որդուն՝ Միհրան Սիսակյանին է պատկանում «Հայկ-88» ընկերության 30 տոկոսը։ Կրտսեր Սիսակյանը 2026թ.-ից ղեկավարում է ՀՀ ֆինանսների նախարարության Պետություն-մասնավոր համագործակցության բաժինը։
Մինչ տեսչական մարմինը չի կարողանում ստուգել Կառավարության որոշմամբ հաստատված ծրագիրը, «Հետքը» ուսումնասիրել է համայնքային հողատարածքի վրա «Հայկ-88» ՍՊԸ-ի գործունեությունը 90-ականներից մինչ օրս։ Հոդվածում պատմում ենք Կոմիտասի պողոտա 49/10 և 49/9 հասցեներում իրականացվող խոշոր ներդրումային ծրագրի և նախագծի գլխավոր ճարտարապետ Տելեմակ Անանյանի արձանագրած շեղումների մասին։ Ճարտարապետի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական վարույթ։
Պուրակի վերակառուցման և կանաչապատման 18 տարվա խոստումը
1994 թվականին Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի որոշմամբ «Հայկ-88» ՍՊԸ-ին թույլատրվել էր Կոմիտասի պողոտա 49 և 51 շենքերին հարող պուրակում տեղադրել կրպակաշար։ 1995 թվականին էլ գործկոմը թույլատրել էր նաև բացօթյա տոնավաճառ կազմակերպել այդ տարածքում։
2002 թվականի հուլիսի 16-ին Երևանի քաղաքապետարանը որոշում է կրպակաշարի և տոնավաճառի զբաղեցրած հողամասերը՝ 228, 90 և 850 քմ մակերեսներով, առանց մրցույթի, 50 տարի ժամկետով վարձակալության հանձնել «Հայկ-88» ՍՊԸ-ին։ Վարձակալության գինը սահմանվում է կադաստրային արժեքի 30%-ի չափով։ Այսինքն՝ 1168 քմ ընդհանուր մակերեսով հողամասերի տարեկան վարձավճարը սահմանվում է 693 186 դրամ։
Հետագա տարիներին ընկերությանը տրամադրված հողամասը կրկին ընդլայնվում է՝ դառնալով 2016 քմ։ Քաղաքապետարանը 2002 թվականի հուլիսի 16-ի N1192-Ա որոշմամբ պարտավորեցնում է «Հայկ-88» ՍՊԸ-ին սեփական միջոցների հաշվին իրականացնել պուրակի համալիր բարեկարգման աշխատանքներ՝ ներառյալ կրպակաշարի դիմացի մայթը և սիզամարգը, հետևել ծառերի խնամքին և տարածքի սանիտարական մաքրությանը։
Այսինքն, պուրակի համալիր բարեկարգման աշխատանքների պարտավորություն «Հայկ-88» ՍՊԸ-ն ստանձնել էր դեռ 2002 թվականից։ Կառավարության նիստին, երբ հավանության էր արժանանում այս ներդրումային նախագիծը, հարցը զեկուցող Սուրեն Պապիկյանը, ով այդ ժամանակ ՏԿԵ նախարարն էր, նշեց, որ տարածքը գտնվում է ոչ բարեկարգ վիճակում։ Ստացվում է, որ ընկերությունը չի կատարել 2002-ին ստանձնած պարտավորությունը։ Բայց այս հանգամանքը Կառավարությանը չի խանգարել հավանության արժանացնել «Հայկ-88» ՍՊԸ-ի ներկայացրած նախագիծը։
Հետագա տարիներին, մինչև 2020 թվականի՝ 10 մլն դոլարանոց ներդրումային ծրագրի հաստատումը, ընկերությունը վերակառուցման աշխատանքներ է իրականացրել տարածքում։ Այս աշխատանքները ևս առանց խախտումների չեն անցել։ Մասնավորապես, տոնավաճառի վերակառուցման և ստորգետնյա հատվածի կառուցման ժամանակ արձանագրվել են նախագծից շեղումներ։ Նախագծի ճարտարապետը ստիպված է եղել բացատրագիր գրել՝ ներկայացնելով շեղումների պատճառները։
Ովքե՞ր են ընկերության սեփականատերերը
«Հայկ-88» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1994 թվականին։ Ընկերության հիմնադիրներն են Գարեգին Ոսկանյանը և Բագրատ Գենոսյանը։ Տարբեր տարիների ընկերության փայատերեր են եղել նաև Արման Հովսեփյանը, Նաիրա Հովսեփյանը, Սիլվա Գյոզալյանը և Սամվել Հունանյանը։ 2022 թվականին ընկերության 30% բաժնետեր է դարձել 22–ամյա Միհրան Սիսակյանը։ Միհրան Սիսակյանը աշխատում է Ֆինանսների նախարարությունում։ 2026 թ.-ից Սիսակյանը Պետություն-մասնավոր համագործակցության բաժնի պետն է։
«Հայկ-88» ՍՊԸ-ի 20% փայատերը Բագրատիոն Դարբինյանն է։ Նա Հայաստանի խոշոր կարի արտադրամասերից մեկի՝ Գլորիա կարի ֆաբրիկայի սեփականատերն է։
Ընկերությունում փայտաբաժին ունեն նաև Գայանե Սաֆարովան և Դմիտրի Քալանթարովը։ Նրանց է պատկանում «Հայկ-88» ՍՊԸ-ի՝ համապատասխանաբար 34% և 16%-ը։
«Արաբկիր» հանրախանութից բազմաֆունկցիոնալ հասարակական կենտրոն ստեղծելու գաղափարը. «Հյուսիսային առանցք» նախագիծը
Դեռ 2019 թվականից Երևանի քաղաքապետարանը և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարությունը սկսել էին վարչական շրջանում և հատկապես Կոմիտասի պողոտայում ապամոնտաժել մայթերին տեղադրված կրպակներն ու տաղավարները։ «Հայկ-88» ՍՊԸ-ին պատկանող 30 կրպակները, որոնք տեղադրվել էին դեռևս 1994թ-ից, ևս ապամոնտաժվեցին։
Ավելին՝ սկզբնաղբյուրում:










