Երևանի Խաչատրյան-Փափազյան փողոցների հատման վայրում տեղադրվել է Արամ Խաչատրյանի հուշարձանը
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի 100-ամյակի առթիվ այսօր Արաբկիր վարչական շրջանի Խաչատրյան-Փափազյան փողոցների հատման հարակից հատվածում տեղի է ունեցել հայ մեծանուն կոմպոզիտորի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Քանդակագործ Գևորգ Գևորգյանի հեղինակած հուշարձանը տեղադրվել է ամբողջությամբ բարեկարգված, կանաչապատ տարածքում, որտեղ այցելուների հարմարավետությունն ապահովելու համար տեղադրվել են նաև նստարաններ:
ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, ընդգծելով հուշարձանի տեղադրման կարևորությունը սերունդների կրթման ու դաստիարակության, ինչպես նաև մշակութային մեծ ժառանգություն թողած արվեստագետներին մեծարելու և արժեվորելու հարցում, շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին մայրաքաղաքում Արամ Խաչատրյանի ևս մեկ հուշարձան ունենալու նախաձեռնությանը քաջալերելու և աջակցություն ցուցաբերելու համար:










