Էմի Ուայնհաուսի մասին ֆիլմը կցուցադրվի Կաննի կինոփառատոնում

10:20 • 30.04.13

Կաննի 66-րդ կինոփառատոնի շրջանակներում, որը մեկնարկում է մայիսի 15-ին, բազմաթիվ այլ ֆիլմերի հետ մեկտեղ կցուցադրվի վավերագրական ֆիլմ հանգուցյալ բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսի մասին, հայտնում է LuxPlanet-ը։

 

Ֆիլմի հեղինակն է Ազիֆ Կապաիդան, ով համագործակցել է International Focus Features ընկերության հետ։ Ռեժիսորը նշել է, որ Ուայնհաուսի կյանքը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հաջողության հասնել, բայց կորցնել ամեն ինչ միլիոնավոր երկրպագուների և մամուլի անընդմեջ ուշադրության պատճառով։

 

«Էմին իրական տաղանդ էր, որն  իր անձին էր գամում բոլորի ուշադրությունը։ Սակայն համաշխարհային հաջողությունն ու ԶԼՄ-ների կողմից իր կյանքի նկատմամբ ուշադրությունը, ինչպես նաև անձնական կյանքում ունեցած խնդիրները կործանեցին նրան։ Էմիի կյանքը ցնցող հաջողության օրինակ է»,-ասել է Ազիֆ Կապադիան։

 

Վավերագրական ֆիլմում ներառված են նաև անձնական արխիվային տեսանյութեր, որոնք ցույց կտան երգչուհուն  տարբեր կողմերից՝ որպես հաջողակ երգչուհի և որպես ալկոհոլից ու թմրանյութերից կախում ունեցող մարդ։

Հիշեցնենք, որ 27-ամյա Ուայնհաուսը մահացել է 2011թ. հուլիսի 23-ին՝ ալկոհոլային թունավորումից։