Մեր պոտենցիալն օր օրի, գտնում ենք, որ աճում է. Առաքելություն (լուսանկարներ)

19:32 • 01.05.13

Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված «Առաքելություն» կուսակցությունն այսօր իր նախընտրական քարոզարշավն անցկացրեց Երևանի կենտրոնում: Կուսակցության անդամները քայլում էին Մաշտոցի պողոտայով և բուկլետներ բաժանում անցորդներին: 


Կուսակցության քաղխորհրդի քարտուղար Հրաչյա Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք համոզված են, որ այս ընտրություններում իրենք հաջողություններ են գրանցելու: 


«Մեր պոտենցիալն օր օրի, գտնում ենք, որ աճում է, կան դրական միտումներ: Վաղը ժամը 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում կանցկացնենք ամփոփիչ հանրահավաք, որտեղ կներկայացնենք 12 վարչական շրջանների այցերի արդյունքերը, կամփոփենք մեր ծրագրերը»,-ասաց նա:


Նա ընդգծեց, որ իրենք չեն առաջնորդվել միանման տեխնոլոգիաներով: Հանդիպել են մարդկանց հետ, զրուցել, փորձել են հասկանալ նրանց խնդիրները:


«Մենք ամեն մեկին առանձնահատուկ մոտեցում ենք փորձել ցույց տալ»,- ասաց քարտուղարը:

 

Կուսակցության ցուցակը գլխավորող Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ իրենց ներկայացրած ծրագիրը մի քանի կետով տարբերվում է մյուս կուսակցությունների ծրագրերից: Դրանցից նա հատկապես առանձնացրեց հասարակական տրանսպորտին վերաբերող դրույթը:


«Տրանսպորտային միջոցներն ամբողջությամբ պետք է սպասարկվեն քաղաքապետարանի կողմից: Համատիրությունների համակարգը ամբողջովին պետք է վերանա: Նրանց կողմից հավաքագրվող գումարներն անարդյունավետ են ծախսվում, դրանք հիմնականում իրենց աշխատավարձերն են կազմում»,-ասաց նա:


Մեսրոպ Առաքելյանն ընդգծեց, որ քարոզարշավի ընթացքը ցույց տվեց, որ հասարակությունն իրոք ուզում է ու պատրաստ է փոփոխությունների:


«Հասարակությունն այսօրվա քաղաքական դաշտի հետ հույսեր չի կապում, քանի որ հասկանում է, որ նույն դեմքերն են, ու 20 տարվա մեջ ոչ մի բան չի փոխվել: Հավատում ենք, որ մեզ կտան իրենց վստահության քվեն»,-ասաց նա: