Մահացել է 1930-40-ականների հոլիվուդյան աստղ Դինա Դուրբինը
ԱՄՆ-ում, 91 տարեկանում կյանքից հեռացել է Հոլիվուդի հանրահայտ դերասանուհի և երգչուհի Դինա Դուրբինը (Deanna Durbin), հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով New York Times թերթին։
Նրա մահվան մասին լուրը հայտնել է Deanna Durbin Society ֆան ակումբը՝ վկայակոչելով դերասանուհու որդուն՝ Փիթեր Դևիդին։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ նա մահացել է «մի քանի օր առաջ»։ Մահվան պատճառներն ու այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Դուրբինը ծնվել է 1921 թ.-ի դեկտեմբերի 4-ին, Կանադայում։ Առաջին հաջողությունը նրան բերել է «Ամեն կիրակի» (Every Sunday) մյուզիքլը։
Այնուհետ նա տեղափոխվել է Universal Pictures կինոստուդիա և նկարահանվել ավելի քան 20 ֆիլմում։ Նրա առաջին՝ «Three Smart Girls» ֆիլմը փրկել է կինոստուդիային սնանկացումից։ 1938-ին նա արժանացել է «Օսկար» հեղինակավոր մրցանակին։
Դուրբինը նկարահանվել է նաև «Ծննդյան տոներ», «Լեդին գնացքում» ֆիլմերում, սակայն նրա մարմնավորած դերերը հանրությունն ու քննադատները չեն ընդունել։
Ինչպես նշում են ամերիկյան լրատվամիջոցները, 1947թ.-ին նա եղել է ԱՄՆ-ի ամենաբարձր վճարվող դերասանուհին։ Երկու տարի անց նա լքել է կինեմատոգրաֆն ու չի երևացել հանրության մեջ։










