«Եվրատեսիլում» Բելառուսի ներկայացուցչի հաղթանակին Լուկաշենկոն չի հավատում, քանի որ մրցույթն օբյեկտիվ չէ
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Բելառուսի ներկայացուցչի հաղթանակը ցանկալի է, սակայն քիչ հավանական, քանի որ մրցույթն օբյեկտիվ չէ։ Ինչպես հայտնում է regnum.ru-ն, այս մասին Մինսկում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Բելառուսի պետական ագրարային տեխնիկական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը։
Այս մրցույթում երկիրը կներկայացնի Ալյոնա Լեպոխինան, ով վերջին տարիներին հանդես է գալիս «Ալյոնա Լանսկայա» կեղծանվամբ։
Երկրի իշխանությունները մեծ նշանակություն են տալիս «Եվրատեսիլում» հանրապետության ներկայացուցիչներին. մի ամբողջ տարի պետական կազմակերպությունները գումարներ են ծախսում, անցկացվում են PR-արշավներ և այլն։
Պատասխանելով անցկացվելիք մրցույթում Բելառուսի ներկայացուցչի հաղթելու շանսերի մասին հարցին՝ նա ասել է. «Այս մրցույթի համար ես ավելի շատ եմ անհանգստանում, քան դուք, չնայած հրաշալի գիտակցում եմ այն ամենը, թե ինչ է այնտեղ կատարվում։Ես գիտեմ, որ այն բացարձակ ոչ օբյեկտիվ մրցույթ է։ Յուրաքանչյուր պետություն, եթե պետք է, կարող է քեզ տալ ցանկացած միավոր»,- ուսանողներին ասել է Լուկաշենկոն։
Նա նաև հավելել է. «Մեզ համար հաղթելը վեր է։ Չգիտեմ՝ ինչ պետք է տեղի ունենա...»։
Մրցույթը կանցկացվի Շվեդիայի Մալմյո քաղաքում, մայիսի 14-ից 18-ը։ «Եվրատեսիլում» Հայաստանը կներկայացնի «Դորիանս» ռոք խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը։










