Կասկադ համալիրի տարածքում նշվել է Ջազի միջազգային օրը

11:23 • 01.05.13

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, արդեն երկրորդ տարին անընդմեջ, ջազի հայ վարպետների ու ջազ-բենդերի մասնակցությամբ մայրաքաղաքում մեծ շուքով նշվում է Ջազի միջազգային օրը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:


Երեկ Կասկադ համալիրում տեղադրված բեմահարթակը հերթական անգամ համախմբել է ջազի հազարավոր սիրահարների, ովքեր մինչև ուշ երեկո հաճույքով հետևել են բացօթյա համերգային ծրագրին, որի շրջանակում հնչել են ինչպես հայտնի ու սիրված, այնպես էլ ազգային նվագարանների միախառնումով ջազային հետաքրքիր ստեղծագործություններ:


Երևանցիների հետ միասին համերգային ծրագրին հետևել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:


Երևան քաղաքի մշակութային կյանքում ունեցած նշանակալի վաստակի, ինչպես նաև ջազային արվեստի զարգացման ու տարածման գործում ունեցած ավանդի համար ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Արմեն Հյուսնունցը, Արմեն Թութունջյանը և Վահագն Հայրապետյանը միջոցառման շրջանակում քաղաքապետի կողմից պարգևատրվել են Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ մեդալով:


«Երևանցիների համար արդեն հաճելի ու սպասված ավանդույթ է դարձել Ջազի միջազգային օրը հենց այս վայրում մեծ շուքով նշելը: Եվ տոնի կապակցությամբ շնորհավորելով բոլորիս, մեր բոլոր ջազմեններին մաղթում եմ ստեղծագործական նոր հաջողություններ ու վստահեցնում, որ նրանց բոլոր այն նախաձեռնումները, որոնք միտված կլինեն Երևանի մշակութային կյանքը առավել աշխուժացնելուն և հարստացնելուն, մշտապես կստանան Երևանի քաղաքապետարանի աջակցությունը»,– ասել է Տարոն Մարգարյանը:


Երևանի քաղաքապետը նաև նշել է, որ եղանակային պայմաններն էլ արդեն թույլ են տալիս, որ ավելի հաճախ կազմակերպվեն նման բացօթյա միջոցառումներ, ինչը, անպայման, կարվի։


Գնահատանքի և ուշադրության համար շնորհակալություն հայտնելով քաղաքապետին, պարգևատրված ջազմենները նշել են, որ նման գնահատանքի արժանանալը որքան հաճելի, նույնքան էլ պարտավորեցնող է` սիրելի մայրաքաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում ավելի մեծ ներդրում ունենալու համար: