Բակո Սահակյանն ընդունել է Միքայել Արամյանցի ծոռանն ու գրող Վահե Աթանեսյանին

18:24 • 01.05.13

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպում է ունեցել ԼՂՀ ժամանած հայազգի հանրահայտ բարերար Միքայել Արամյանցի ծոռ Ալեքսանդր Զանոեֆֆին` տիկնոջ հետ և գրող Վահե Աթանեսյանին, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

 

Բակո Սահակյանը բարձր է գնահատել Միքայել Արամյանցի գործունեությունը, նշելով, որ նա եղել է և՛ աշխարհահռչակ ձեռներեց, և՛ ազգային բարերար, ով մեծապես նպաստել է հարազատ ժողովրդի առջև ծառացած մշակութային, քաղաքական և սոցիալական բազմաթիվ խնդիրների լուծմանը:

 

Այս համատեքստում ԼՂՀ նախագահը կարևորել է Միքայել Արամյանցի ծննդյան 170-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների կազմակերպումը համապետական մակարդակով և երախտագիտություն հայտնել գրող Վահե Աթանեսյանին` մեծ բարերարի կյանքին նվիրված աշխատության համար:

 

Բակո Սահակյանն ընդգծել է, որ ազգի մեծերին հիշելը և նրանց ավանդի արժանի գնահատումը հանդիսանում է հայրենասիրական դաստիարակության կարևորագույն բաղադրամասերից մեկը:


Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք: