Հայաստանի Այլընտրանքային ծառայության մասին օրենքը և Եհովայի վկաները՝ USCIRF-ի զեկույցում

20:26 • 01.05.13

ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) ապրիլի 30-ին հրապարակել է աշխարհում կրոնական ազատության վիճակի վերաբերյալ հերթական՝  2013թ. զեկույցը: 362 էջից բաղկացած փաստաթղթում ներկայացված են աշխարհում կրոնական ազատություններ  խախտող երկրները և դավանանքի ազատության սահմանափակման աղաղակող դեպքերը: 2013թ-ի վերաբերյալ զեկույցում երկրները բաժանված են երեք խմբի` «առանձնահատուկ մտահոգություն առաջացնող կամ առաջին խմբի երկրներ», «երկրորդ խմբի երկրներ» և «այլ երկներ և շրջաններ»: Երկրները դասակարգվել են՝ հաշվի առնելով կրոնական ազատությունների խախտումների հաճախականությունը և բնույթը:

 

Վերոնշյալ երեք խմբերից և որևէ մեկում Հայաստանն ընդգրկված չէ: USCIRF-ի փորձագետները, այդուհանդերձ, զեկույցի վերջին՝ «Թեմատիկ խնդիրներ» կոչվող բաժնում անդրադառնում են մեր երկրին՝ խոսելով Եհովայի վկաներին զինվորական ծառայությունից խուսափելու համար ազատարկման դատապարտելու դեպքերի և «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի մասին:

 

«Կրոնական համոզմունքների պատճառով զինվորական ծառայություն չանցնելը սերտորեն կապված է կրոնի կամ հավատքի ազատության հետ….ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը երաշխավորում է, որ «յուրաքանչյուր ոք, որպես մտքի, խղճի և կրոնի ազատության օրինական դրսևորում, իրավունք ունի հրաժարվել զինվորական ծառայությունից: Այդ իրավունքը նախատեսված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 18 հոդվածում: Մասնավորապես վերջերս՝  2012թ. հուլիսին, Մարդու իրավունքների խորհուրդը բոլոր երկրներին կոչ էր արել վերանայել իրենց օրենքները և նախատեսել կրոնական համոզմունքների հիմքով զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորությունը:

 

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովն իր անդամ-երկրներին բազմիցս կոչ է արել օրենքով ապահովել քաղաքացիական այլընտրանքային ծառայություն, ավելին՝ կրոնական համոզմունքների հիմքով զինվորական ծառայությունից ազատվելու իրավունքի ընդունումն ու ճանաչումը պարտադիր է Եվրոպայի Խորհրդին անդամակցելու համար:

 

Այդուհադերձ, որոշ երկրներ, կրոնական կամ այլ համոզմունքից ելնելով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափող Եհովայի վկաներին և այլ անձանց շարունակում են ազատազրկման դատապարտել:

 

Հայաստանը և Հարավային Կորեան, թեև ներառված չեն Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի զեկույցի երկրների շարքում, այդուհանդերձ, այստեղ կրոնական համոզմունքների պատճառով զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներն ազատազրկման են դատապարտվել, և այս երկրներում դեռ շարունակվում է «պայքարը»՝ ազգային անվտանգության խնդիրները և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունները հավասարակշռելու համար:

 


Հայաստանը,  2001թ-ին միանալով Եվրախորհրդին, ստանձնեց երկրում 2004թ-ին քաղաքացիական այլընտրանքային ծառայություն ներդնելու պարտավորությունը: Հայաստանի ընդունած օրենքը, սակայն, քննադատության արժանացավ ՄԱԿ-ի, ԵԽԽՎ-ի և ԵԱՀԿ-ի փորձագետների կողմից, քանի որ այլընտրանքային ծառայության ինստիտուտը դրվել էր Պաշտպանության նախարարության վերահսկողության ներքո (ՊՆ-է որոշում՝ նրանք պետք է այլընտրանքային ծառայություն անցնեն, թե ոչ-Tert.am): Ավելին, այլընտրանքային ծառայության 42 ամիս տևողությունն ամենաերկարն է աշխարհում»,- ասված է փաստաթղթում:

 


Զեկույցում այնուհետև հիշատակվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2012թ-ի նոյեմբերին բավարարել է հայաստանցի 17  Եհովայի վկաների հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության և պետությանը պարտավորեցրել է փոխհատուցում վճարել (2004 թվականին 19 Եհովայի վկաները դիմել էին իշխանություններին՝ խնդրելով իրենց նկատմամբ կիրառել այլընտրանքային ծառայության մասին օրենքը՝ հաշվի առնելով իրենց կրոնական համոզմունքները, որոնց համաձայն՝ իրենք չեն կարող զենք կրել-Tert.am): «Եվ սա առաջին դեպքն էր նման գործերով (Եհովայի վկաների՝ զինվորական ծառայությունից խուսափելու-Tert.am), որ դատարանում Հայաստանի ներկայացուցիչ-դատավորը չառարկեց որոշմանը: Միաժամանակ 2012թ. նոյեմբերին Հայաստանում Եհովայի երկու վկաներ են ազատազրկվել, այդպիսով զինվորական ծառայությունից խուսափելու համար ազատազրկված անձանց թիվը հասել է 31, որոնց մեծ մասը դատապարտվել է 2-3 տարի ազատազրկման: Եվս 15 մարդ էլ դատավճիռների բողոքարկման փուլում է գտնվում»,- ասված է Հայաստանին վերաբերող հատվածում: