Թող Ձեզ ուղեկցի արվեստի հորիզոնները նվաճելու ուրախությունը. ՀՀ նախագահը շնորհավորել է Վ. Գերգիևին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ

15:20 • 01.05.13

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդական արտիստ, Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։


«Ձեր արվեստը, որը լի է ջերմությամբ, անկեղծությամբ և մարդկայնությամբ, ստեղծում է բարության յուրահատուկ կոլորիտ և նպաստավոր մթնոլորտ, որին առնչվելով, իրոք, զգում ես արվեստի հրաշագործ ուժը:


Երաժշտարվեստի բազմաթիվ ներկայացուցիչներ և երկրպագուներ ամբողջ աշխարհում Ձեզ գիտեն և սիրում են որպես մշակույթի ականավոր գործչի, միջազգային կարևորագույն նախաձեռնությունների ներշնչողի: Ձեր փայլուն ելույթները մշտապես պահանջված են ոչ միայն խստապահանջ քննադատների, այլև հանդիսատեսի ամենալայն շրջանակների կողմից:


Առանձնահատուկ ցանկանում եմ նշել Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև հումանիտար և մշակութային դինամիկ փոխգործակցության զարգացման գործում:


Մաղթում եմ Ձեզ հետագա հաջողություններ արվեստի բարդ և ազնիվ ասպարեզում: Թող Ձեզ միշտ ուղեկցի հաջողությունը բոլոր ձեռնարկումներում, ստեղծագործական մտքի թռիչքը, արվեստի անծայրածիր հորիզոնները նվաճելու ուրախությունը»,-ասված է Նախագահի շնորհավորական ուղերձում: