«Առաքելությունը» իր առաջին հանրահավաքը մարդկանց համեստ քանակով իրականացրեց (տեսանյութ,լուսանկարներ)
Երևանի ավագանու ընտրություններին մասնակից «Առաքելություն» կուսակցությունն այսօր անցկացրեց նախընտրական առաջին հանրահավաքը, որը սկսեց մոտ 35 րոպե ուշացումով։ Պետական օրհներգից հետո կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը ներկայացրեց ցուցակի անդամներին:
Նա անկեղծորեն նշեց, որ այսօր իրենց հանրահավաքին քիչ մարդիկ են հավաքվել, բայց դա էլ ասելիք է` հասկանալու համար, որ ամեն ինչ կորած չէ, և իրենք դեռ ասելիք ունեն։ Նա ներկայացրեց նաև Երևանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանին, ով իր ներկայությամբ, ինչպես Մանուկ Սուքիասյանն ասաց, պատվել էր իրենց։ «Մեր կուսակցությունը գտնվում է ընդդիմադիր դաշտում, թող ոչ ոք կուսակցության հասցեին անհիմն չարախոսություններ չանի, մենք գործելու ենք ընդդիմադիր դաշտում, մենք որևէ մեկին խանգարելու խնդիր չունենք։ «Առաքելություն» կուսակցությունն իր ընթացքը չի կասեցնելու, կուսակցության ընթացքը անկասելի է, և թող ոչ ոք չկասկածի դրանում»,– իր ելույթում ասաց Մանուկ Սուքիասյանը։
Ելույթով հանդես եկան ցուցակի անդամները, ինչպես նաև կուսակցության ցուցակը գլխավորող Մեսրոպ Առաքելյանը, ով ներկայացրեց քաղաքի խնդիրները՝ առաջարկելով իրենց լուծումները։
Նա ներկայացրեց կուսակցության ծրագրերը՝ վստահեցնելով, որ դրանց շնորհիվ հնարավոր կլինի բարելավել քաղաքի վիճակը։ «Երևանի ավագանու գործունեությունը ոչ մի ազդեցություն չի ունենում քաղաքի վրա։ Մեր ծրագրով նախատեսվում է մի շարք փոփոխություններ իրականացնել Երևանում»,– հանրահավաքին ասաց նա՝ հույս հայտնելով, որ Երևանի կառավարումը վստահվելու է հենց «Առաքելությանը»։
Կուսակցության առաջարկների և ծրագրերի մասին խոսեց նաև Մանուկ Սուքիասյանը և հայտարարեց, որ «սա է մեր երկիրը, մենք այս երկիրը պետք է շենացնենք»։
Անկախ նրանից, թե «Առաքելությունը» ինչ հաջողություն կունենա ընտրություններին, նա կոչ արեց քաղաքացիներին իրենց ձայները տալ նոր մարդկանց, որոնք երբևէ սուտ խոստումներ չեն տվել։










