BBC-ի սպորտային մեկնաբանն իրեն մեղավոր է ճանաչել երեխաների հանդեպ կատարած ոտնձգությունների համար
BBC հեռուստառադիոկորպորացիայի սպորտային մեկնաբան Ստյուարտ Հոլլը Փրեսթոնի թագավորական դատարանում իրեն մեղավոր է ճանաչել երեխաների հանդեպ ոտնձգություններ կատարելու համար, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով BBC News-ին։
83-ամյա Հոլլը մեղադրվում է մինչև 16 տարեկան 13 աղջիկների վրա կատարած 14 հարձակումների համար (աղջիկներից շատերը նրա ընկերների երեխաներն են եղել): Նա աղջիկների նկատմամբ անպարկեշտ գործողություններ է իրականացրել՝ հարձակվելով և փորձելով բռնի ուժով համբուրել նրանց: Նա այդ հանցագործությունները կատարել է 1967-1986 թվականներին:
Հոլլին նաև մեղադրել են 22-ամյա կնոջ բռնաբարության համար, որը տեղի էր ունեցել 1976-ին: Սակայն հետագայում տուժողը հետ է վերցրել իր ցուցմունքները:
Ակնկալվում է, որ սպորտային մեկնաբանի դատավճիռը կկայացվի հունիսի 17-ին: Նրա փաստաբանը խնդրել է հաշվի առնել այն հանգամանքը, որ Հոլլն ընդունել է իր մեղքը և ներողություն է խնդրել տուժողներից:
BBC հեռուստառադիոկորպորացիան 2013-ի հունվարից՝ այն պահից, երբ Հոլլի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել, դադարեցրել է լրագրողի հետ պայմանագրերը և իր ցավակցությունը հայտնել բոլոր տուժածներին:










