Թուրքիան ուսումնասիրում է Սիրիայում քիմիական զենքի կիրառման հավանականությունը
Թուրքիայի իշխանություններն արյան փորձանմուշներ են վերցնում սահմանամերձ շրջաններում վիրավորված և Թուրքիա տեղափոխված վիրավորներից՝ քիմիական զենքի կիրառման հնարավորությունն ուսումնասիրելու համար, տեղեկացնում է Today's Zaman-ը։
Սիրիային սահմանամերձ թուրքական Ռեյհանլը քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել շնչառական ուղիների խնդիրներ ունեցող մի խումբ սիրիացիներ, ինչից հետո որոշում է ընդունվել արյան փորձանմուշներն ուղարկել Թուրքիայի դատական բժշկության ինստիտուտ։
«Մենք իրականացնում ենք անհրաժեշտ միջոցառումներ, քանի որ տեղեկություն ենք ստացել քիմիական զենքի կիրառման մասին»,-ասել է Ռեյհանլըի քաղաքապետ Հուսեյին Շանվերդին։
Քաղաքապետի խոսքով՝ բուժհաստատությունները դեռևս չեն հաստատել տեղեկությունը, սակայն չի բացառվում, որ քիմիական զենք կիրառվել է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հաղորդել են, որ տեղեկություններ ունեն Սիրիայում խաղաղ բնակիչների դեմ քիմիական զենքի կիրառման մասին։ Սիրիական կողմը հերքում է մեղադրանքները՝ իր հերթին մեղադրելով ընդդիմությանը Հալեպի մոտակայքում քիմիական զենքի կիրառման համար։










