Ճապոնիայի խորհրդանիշը համաշխարհային ժառանգության մաս կհռչակվի
Ճապոնիայի խորհրդանիշերից մեկը՝ Ֆուձի լեռը, հունիսին կներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, հայտնում է РИА Новости-ն՝ Ճապոնիայի կառավարության հայտարարության հիման վրա, որն այդ լուրը բնորոշել է «շատ ուրախալի»:
Ճապոնիան ՅՈՒՆԵՍԿՕ համապատասխան հայտ էր ներկայացրել անցած տարվա հունվարին՝ պնդելով, որ Ֆուձի լեռան տարածքում 33 մշակութային և պատմական հուշարձան կա, իսկ լեռն էլ ճապոնացիների հավատալիքների օբյեկտ է:
Ֆուձին ավելի վաղ ևս հավակնել է այդ ներառմանը, սակայն հայտը մերժվել է՝ զբոսաշրջիկների թողած մեծաքանակ աղբի պատճառով:
Լեռն ունի 3.776 մ բարձրություն, գտնվում է Տոկիոյից 100 կմ հեռավորության վրա, դրան նվիրված հազարից ավելի սինտոիստական տաճարներ կան:
Ճապոնացիները հավատում են, թե Ֆուձիի պատկերը փող է բերում, իսկ կանանց հաճոյախոսություն անելու համար ասում են, թե Ֆուձին խանդում է:










