Գործադիրը մերժեց օֆշորներին մասին Հրանտ Բագրատյանի առաջարկը
Կառավարությունն այսօր մերժեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Այն այսօր Կառավարության հերթական նիստին ներկայացրեց Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը, ով նշեց. «Առաջարկում ենք դեմ լինել Հրանտ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնությանը տվյալ օրենքի գծով՝ միևնույն ժամանակ ամբողջովին համաձայնելով դրա ոգուն»,- ասաց նա:
Մինչ այդ Վաչե Գաբրիելյանը նշեց, որ, ընդհանուր առմամբ, իրենք կողմ են օֆշորային ընկերությունների հետ ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում, մասնավորապես, սխալ գործարքների խզմանը, սակայն, ըստ նրա, օրենսդրական տեխնիկայի տեսանկյունից այդ նպատակներին այս օրենքի նախագծով հնարավոր չէ հասնել:
Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ դրա համար իրենք մանրամասն նշում են, որ օգտակար հանածոներ արդյունահանողների նկատմամբ սահմանափակումները սահմանելու առաջարկով հանդես գալուց առաջ նախ պետք է ճշտել, թե խոսքը վերաբերում է մետաղական, ոչ մետաղական հանածոներին:
«Սրանք հիմնականում կարող են կիրառվել ոչ մետաղականի վրա, և դրանից բացի, էական խնդիր կա, որ, ըստ էության, հարաբերությունները կարգավորող օրենսդրության կիրառման առումով պետք է նաև օֆշորային գոտիների սահմանում լինի, ինչպես մենք դա արել ենք շահութահարկի մասին օրենքով»,- ասաց նա:
Վաչե Գաբրիելյանը նաև նշեց, որ իրենք խնդիրը փորձել են լուծել «Տրանսֆերային գնագոյացման մասին» ՀՀ օրենքով, որը Կառավարության կողմից հավանության է արժանացել և այժմ գտնվում է ԱԺ-ում:
«Ինչ վերաբերում է նրան, որ թույլտվություն չտանք, որպեսզի այդ ընկերությունները մասնակցեն մրցույթին, դա հնարավոր չէ անել այսպիսի օրենքով: Դրա համար պետք է համապատասխան փոփոխություններ անել «Ընդերքի մասին» ՀՀ օրենքում, ինչի վրա մենք արդեն իսկ աշխատում ենք և կներկայացնենք ԱԺ և դա կքննարկվի «ՀՀ տրանսֆերային գնագոյացման մասին» օրենքին զուգահեռ»,- ասաց նա:
Խոսելով Հրանտ Բագրատյանի ներկայացրած նախագծի մասին, Վաչե Գաբրիելյանը նշեց, որ առաջարկը չունի այն իրավական կառուցվածքը և օրենսդրական տեխնիկան, որը հնարավորություն կտար սահմանափակումներ իրականացնել:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, պարզաբանելով նախարարի պաշտոնակատարի ասածը, նշեց, որ Կառավարությունն այն տեսակետինն է, որ իրենց խստագույն վերահսկողության ներքո պետք է գտնվեն օֆշորային ձեռնարկությունները, որոնք ներդրումներ են կատարում ՀՀ-ում և զբաղվում են ՀՀ-ից ապրանքների արտահանմամբ, իրացմամբ:
«Մենք այստեղ տեսնում ենք լրջագույն ռիսկեր, որոնց նպատակն է խուսափել իրենց ֆինանսական պարտականությունների և պարտավորությունների կատարումից Հայաստանի Հանրապետության առջև և այդ տեսակետից պարոն Բագրատյանի առաջարկները համահունչ են այն քաղաքականությանը, որը մենք պետք է իրականացնենք»,– ասաց վարչապետը։
«Պարոն Գաբրիելյանի ներկայացրած մոտեցումները, կարծում եմ, որ հիմք են ստեղծում, որպեսզի մենք կարողանանք պարոն Բագրատյանի հետ առավել արդյունավետ օրենքներ մշակել»,- ասաց նա:










