Հովիկ Աբրահամյանը բարկացավ և պատգամավորներին կոչ արեց տարրական կուլտուրա ունենալ

13:45 • 02.05.13

Ազգային ժողովի հերթական նիստին ներկայացված օրինագծերի քվեարկությունից հետո, երբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարում էր, թե ինչ օրենագիծ է դրվում քննարկման, սովորության համաձայն՝ պատգամավորների մի մեծ մասը լքեցին ԱԺ նիստերի դահլիճը, ինչը Հովիկ Աբրահամյանին հունից հանեց։


ԱԺ նախագահը հորդորեց պատգամավորներին «տարրական կուլտուրա» ունենալ և իր խոսքն ավարտելուց հետո գոնե դուրս գալ դահլիճից։ «Գոնե տարրական կուլտուրա ունեցեք, որ հարցերը ավարտեմ, նոր դուրս գաք»,- ասաց նա և հիշեցրեց, որ պատգամավորները պարտավոր են մասնակցել բոլոր նիստերին և հարգեն նիստերը։


ԱԺ նախագահը քարտուղարությանը հանձնարարեց այսուհետ Ազգային ժողովի կայքէջում տեղադրել նիստերին ներկա և բացակա պատգամավորների անունները: «Ես որոշում կընդունեմ, որ այսուհետ հարցերի քննարկումն ավարտվի, նոր քվեարկություն անցկացվի։ Ես հասկանում եմ, որ գալիս եք քվեարկելու համար: Միջանցքում քայլող գործընկերներիս ուզում եմ ասել, որ պատգամավորները պարտավոր են մասնակցել Ազգային ժողովի նիստերին»,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ ընթերցելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի համապատասխան հոդվածը:


Նա նաև քարտուղարությանը հանձնարարեց ԱԺ կայքէջում տեղադրել և բոլոր լրատվամիջոցներին տեղյակ պահել, թե որ պատգամավորներն են մասնակցում նիստերին:
«Պետք է, որ մեր ընտրողները տեսնեն, թե ովքեր ներկա չեն Ազգային ժողովի նիստերին և մյուս անգամ նման պատգամավորներ չընտրեն»,- շեշտեց ԱԺ նախագահը` կոչ անելով նաև, որ պատգամավորները միմյանց փոխարեն չքվեարկեն:


Հովիկ Աբրահամյանի դիտողությունը պարտաճանաչ պատգամավորներից մի քանիսին դուր եկավ, որոնք նույնիսկ ծափահարեցին։


Նշենք, որ ԱԺ նիստին գրանցվել են 105 պատգամավորներ, սակայն քվեարկության ավարտից հետո նրանց մեծ մասը, հիմնականում ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի պատգամավորներ, լքեց նիստերի դահլիճը։