Հյուսիսային Կորեան ԱՄՆ քաղաքացուն 15 տարվա հարկադիր աշխատանքի է դատապարտել
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության գերագույն դատարանի որոշմամբ՝ կորեական ծագում ունեցող ԱՄՆ քաղաքացի Բեյ Չժուն Հոն դատապարտվել է 15 տարվա հարկադիր աշխատանքի, տեղեկացնում է Взгляд-ը։
Ամերիկացին ձերբակալվել էր անցյալ տարվա նոյեմբերի 3-ին, Հյուսիսային Կորեայի հյուսիս-արևելքում գտնվող Ռասոն քաղաքում, որտեղ նա մեկնել էր տուրիստական վիզայով՝ «թշնամական ակցիաներ իրականացնելու համար»։
Ձերբակալությունից հետո համապատասխան մարմինները նրան կալանքի տակ էին պահում։
Հետաքննության արդյունքում Բեյ Չժուն Հոն ընդունել էր մեղքը։ Նրան այցելել էին Շվեդիայի դեսպանատան աշխատակիցները, ովքեր ներկայացնում են ԱՄՆ-ի շահերը Հյուսիսային Կորեայում, քանի որ Փհենյանն ու Վաշինգտոնը դիվանագիտական հարաբերություններ չունեն։
Շվեդական դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներն ամերիկացու թեման չեն մեկնաբանում՝ խորհուրդ տալով բոլոր հարցերով դիմել ԱՄՆ պետդեպարտամենտ։










