Հետաքննությունների դաշնային բյուրոն հրապարակել է Բենգազիի ահաբեկչության վերաբերյալ առաջին ապացույցները

10:36 • 02.05.13

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) երեկ հրապարակել է երեք տղամարդկանց լուսանկարներ, որոնք արվել են լիբիական Բենգազի քաղաքում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության վրա իրականացված հարձակման ընթացքում։

 

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, հաղորդագրության մեջ նշվում է, որ բյուրոն խնդրում է լիբիացիներին և այլոց, ովքեր տեղեկություն ունեն այդ մարդկանց մասին, կապվել ԱՄՆ իշխանությունների հետ։
 

Հաղորդագրության մեջ չի նշվում՝ արդյոք լուսանկարներում առկա մարդիկ կասկածյալնե՞ր են։ ՀԴԲ-ն միայն նշում է, որ այդ մարդիկ կարող են ունենալ տեղեկատվություն, որը կօգնի հետաքննությանը։

 

ՀԴԲ կայքում հրապարակված լուսանկարները կտրված են տեսահսկման խցիկների տեսագրություններից։ Բոլոր երեք տղամարդիկ զինված են։

 

2013թ.-ի մարտին CNN-ն անանուն աղբյուրներին հղումով տեղեկացրել էր, որ հյուպատոսարանի վրա հարձակումն իրականացնելու կասկածանքով ձերբակալվել է ոմն Ֆարաջ ալ-Շիբլի կամ Չալաբի, ով «Լիբիական իսլամական զինյալ խմբի» անդամ է։ Այդ տեղեկությունն այդպես էլ չէր հաստատվել։

 

Բենգազիի հյուպատոսարանի վրա հարձակումն իրականացվել էր 2012թ.-ի սեպտեմբերի 11-ին։ Այդ ընթացքում սպանվել էր ԱՄՆ 4 քաղաքացի, այդ թվում՝ Լիբիայում ԱՄՆ դեսպանը։