ԱՄՆ նախագահը սկսում է իր այցը Մեքսիկա և Կոստա Ռիկա
Մեկնարկում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցը Մեքսիկա, որը կտևի մինչև մայիսի 3-ը։ Մեխիկոյում Օբաման կհանդիպի իր մեքսիկացի գործընկեր Էնրիկե Պենյա Նյետոյի հետ, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով մեքսիկական իշխանություններին։
Ինչպես նշել է Օբաման այցից առաջ, քննարկման գլխավոր թեման կլինի տնտեսական համագործակցության զարգացումը։ «Մենք այնքան ժամանակ ենք հատկացրել անվտանգության հարցերին, որ մոռացել ենք, որ նա մեր խոշոր առևտրային գործընկերն է, որը պատասխանատու է սահմանի երկու կողմում առևտրի մեծ ծավալի և մեծ քանակությամբ աշխատատեղերի համար»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Մայիսի 3-ին ԱՄՆ նախագահը կժամանի Կոստա Ռիկա, որտեղ կկայանա նրա հանդիպումը նախագահ Լաուրա Չինչիլայի հետ։ Կքննարկվեն երկրի էներգետիկ ոլորտում ամերիկյան ներդրումների մեծացման հեռանկարները։
Մայիսի 4-ին Օբաման կմասնակցի Կենտրոնական Ամերիկայի երկրների ինտեգրման համակարգի նիստին և կանցկացնի երկկողմ հանդիպումներ այդ երկրների նախագահների հետ։










