Մանկատան նախկին սաները Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին կազմակերպել ու բնակարաններ էին պահանջում (տեսանյութ)
Գավառի մանկատան տարբեր տարիների շրջանավարտներն այսօր Կառավարության շենքի առջև էին: Նրանցից ոմանք պահանջում էին վերանորոգել պետության կողմից նախկինում տրամադրված հանրակացարանի բնակարանները, ոմանք էլ՝ նոր բնակարաններ տրամադրել:
Ակցիայի մասնակից Թբիլիսյան խճուղի 3/2 հասցեում բնակվող Գայանե Սահակյանը նշեց, որ պետությունն իրենց պարտք է ու պետք է վերադարձնի։
«Մենք մանկատան սաներ ենք, մանկատնից դուրս գալուց հետո մեզ բնակարաններ չհատկացրեցին: Ինչ-որ տալիս են, լրիվ փլուզված վիճակում են, ավիրված, բայց այդպես նախատեսված չէ»,- ասաց նա և ընդգծեց, որ իրենք մանկատնից դուրս են եկել դեռևս Խորհրդային Միության տարիներին, ինչ էլ բնակարաններ չստանալու պատճառն է:
Մանկատան մեկ այլ նախկին սան Սյուզաննա Մոշկովիչը նշեց, որ ինքը բնակարան չի պահանջում, այլ խնդրում է, որ Էրեբունի զանգվածում գտնվող հանրակացարանի իր բնակարանը պետությունը վերանորոգի:
«Հանրակացարանը շատ վատ վիճակում է, տները փլվում են, «պոլերը»՝ քանդվում, ջուրը կաթ-կաթ ա գալիս»,- ասաց նա:
Կառավարության հերթական նիստից դուրս եկած ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը նրանց խոստացավ, որ հարցը կլուծվի, միայն թե պետք է սպասել մինչև համապատասխան ուսումնասիրություններ արվեն: Նրա ասածը դժգոհության առաջացրեց, և հավաքվածներից մեկն ասաց, որ նախարարի պաշտոնակատարը անցած շաբաթ նույն պատասխանն է տվել:
«Մենք սովետի ժամանակ ենք դուրս եկել ու ասում եք, որ բնակարան չեք տալու: Էդ դեպքում Պուտինին նամակ գրեք, թող Պուտինը մեր հարցով զբաղվի: Ինչքա՞ն կարելի է էս ձևով ապրել: Թե՞ մենակ ընտրության ժամանակ եք մեզ հիշում», -բարկացած ասաց Գայանե Սահակյանը:
Արտեմ Ասատրյանը նշեց, որ պետությունը սոցիալական պարտավորություններ ունի միայն 1991-ից հետո մանկատներից դուրս եկած երեխաների նկատմամբ, ովքեր շուրջ 200-ն են և բնակարանի կարիք ունեն:
Միաժամանակ նա տեղեկացրեց, որ մշակվում են այն բոլոր չափորոշիչները, ըստ որոնց պետք է սահմանվեն, թե ովքեր կարող են պետությունից բնակարան ստանալ:
Նա խոստացավ հավաքվածներին, որ յուրաքանչյուրի գործն առանձին կուսումնասիրվի և հորդորեց գրավոր ներկայացնել պահանջը:










