Վրաստանի խորհրդարանը կարողացել է շրջանցել Սաակաշվիլիի վետոն

11:59 • 02.05.13

Վրաստանի խորհրդարանը երեկ հաղթահարել է նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վետոն՝ դատական համակարգին առնչվող օրինագծի համար, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ Civil Georgia-ին հղումով։

 

Փաստաթղթին կողմ է քվեարկել 91 պատգամավոր (ընդունվելու համար անհրաժեշտ է եղել առնվազն 89 ձայն)։ Ավելի վաղ իշխող «Վրացական երազանք» կոալիցիան, ով նախագահի հակառակորդն է, համոզմունք էր հայտնել, որ վետոն կշրջանցվի։

 

Նշենք, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ «Վրացական երազանքը» ստացել էր խորհրդարանի 150 տեղերից 85-ը։

 

Դատական համակարգի բարեփոխման օրինագիծն ընդունվել էր խորհրդարանի կողմից ապրիլի սկզբին։ Սաակաշվիլին այն պատգամավորներին էր վերադարձրել՝ իր դիտարկումներով։ Այժմ կրկնակի հաստատումից հետո օրինագիծը կուղարկվի նախագահին՝ ստորագրելու համար։ Եթե նա հրաժարվի ստորագրել փաստաթուղթը, ապա դա նրա փոխարեն կարող է անել խորհրդարանի նախագահը՝ «Վրացական երազանքի» ներկայացուցիչ Դավիդ Ուսուպաշվիլին։

 

Նախագիծը, որին դեմ էր նախագահը, նախատեսում է փոխել Արդարադատության բարձրագույն խորհրդի ձևավորման կանոնները։