PepsiCo ընկերությունը YouTube-ից հեռացրել է գազավորված ըմպելիքի գովազդը՝ մեղադրանքների պատճառով (տեսանյութ)
Ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող PepsiCo ընկերությունը YouTube-ի իր ալիքից հեռացրել է Mountain Dew գազավորված ըմպելիքի գովազդային հոլովակը՝ ռասիզմի համար մեղադրանքների և կանանց նկատմամբ բռնության խնդիրների անտեսման պատճառով, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։
Հոլովակում տեսարան է ոստիկանական բաժանմունքում։ Ոստիկանները հենակներով և բռնության հետքերով կնոջից փորձում են պարզել, թե ով է նրան բռնության ենթարկել՝ 6 աֆրոամերիկացիներից մեկը, թե Ֆելիցա անունով այծը։
Այծն այդ ընթացքում սպառնում է կնոջը և հրամայում նրան «բերանը փակ պահել», ինչից էլ պարզ է դառնում, որ հենց նա է ծեծել կնոջը։
PepsiCo-ն արդեն ներողություն է խնդրել և խոստովանել, որ գովազդն իսկապես կարող է վիրավորական լինել։ Ընկերությունն արդեն հայտնել է, որ հեռացրել է հոլովակը YouTube-ի իր ալիքից և ընդգծել, որ այն նախատեսված էր բացառապես համացանցի համար և երբեք չի հեռարձակվել հեռուստատեսությամբ։










