Turkish Airlines-ն արգելել է ուղեկցորդուհիներին կարմիր շրթներկ օգտագործել
Թուրքական Turkish Airlines ավիաընկերությունն արգելել է իր աշխատակցուհիներին շրթունքները կարմիր և վարդագույն ներկել, գրում է Russia Today-ը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին։
Այդ արգելքը դժգոհության մեծ ալիք է առաջացրել երկրում։ Համաձայն նոր կանոնադրության՝ ուղեկցորդուհիները կարող են միայն մեղմ գույներ օգտագործել դիմահարդարման համար։ Ինչպես բացատրել են ընկերության ներկայացուցիչները, աչքի չընկնող գույներն առավել ընդունելի են սպասարկման ոլորտի աշխատողների համար։
Սակայն նորամուծությունը բացասական արձագանք է ունեցել Թուրքիայում։ Ընդդիմադիր քաղաքական գործիչները մեղադրել են ղեկավարությանը երկրի «իսլամացման» փորձի համար։ Իսկ կանայք, որպես բողոքի նշան, սկսել են սոցկայքերում վառ ներկված շուրթերով նկարներ տեղադրել։
Փետրվարին Turkish Airlines-ը փորձում էր փոխել ուղեկցորդուհիների համազգեստը՝ առաջարկելով նրանց կրել երկար զգեստներ։ Առաջարկը քննադատվել է և ավիաընկերության աշխատակիցների կողմից անվանվել «չափազանց պահպանողական»։










