«Եվրատեսիլ 2013»-ի կիսաեզրափակչից առաջ Dorians-ը ելույթ կունենա Կոպենհագենում

14:51 • 03.05.13

Հայաստանը «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթում ներկայացնող Dorians խումբը՝ իր մեներգիչ Գոռ Սուջյանի գլխավորությամբ, մրցույթի կիսաեզրափակիչ փուլից մի քանի օր առաջ, ելույթ կունենա Կոպենհագենի բեմերից մեկում, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց խմբի մենեջեր Արա Թադևոսյանը:


Նա նշեց, որ համերգը Դանիայում ՀՀ դեսպանատան և Հանրային հեռուստաընկերության համատեղ նախաձեռնություն է:


«Սա շատ լավ առիթ է տղաների համար մինչև մրցույթը ներկայանալու լավագույն համերգային սրահներից մեկում, որը կոչվում է «Ամարջերբիո»: Այն նախատեսված է 1600 հոգու համար: Կարծում ենք, որ բացի այն, որ սա լրացուցիչ առիթ է տղաների համար՝ ներկայացնելու Lonely Planet երգը, նաև փորձի առումով շատ օգտակար կլինի»,- ասաց Արա Թադևոսյանը և ավելացրեց, որ արդեն պայմանավորվածություն կա Եվրատեսիլ 2013-ի Ռուսաստանի պատվիրակության հետ, որպեսզի այն ևս ներկա լինի համերգին:


Արա Թադևոսյանը նշեց, որ բացառված չէ, որ համերգին ներկա լինեն նաև մրցույթի այլ ներկայացուցիչներ:


Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթը տեղի կունենա մայիսի 14-18-ը Շվեդիայում: Dorians-ը ելույթ կունենա մայիսի 16-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչին և հանդես կգա 11-րդ համարի ներքո:


Արա Թադևոսյանը, անդրադառնալով բուն մրցույթին նշեց, որ Հայաստանը առաջին անգամ ներկայանալու է ռոք խմբով: Նա ուրախալի համարեց այն, որ ընտրվել է հենց Lonely Planet երգը, որի հեղինակն է բրիտանացի լեգենդար ռոք-երաժիշտ, Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմինը:


«Նա մեր շատ ուժեղ դաշնակիցն է: Նա արդեն առիթներ ունեցել է մեր տղաների մասին խոսելու: Անակնկալ կլինի այն, որ նա կիսաեզրափակչից մի քանի օր առաջ կդիմի իր երկրպագուներին և կոչ կանի աջակցել երգին: Կարծեմ օրերս պետք է Եվրատեսիլի պաշտոնական կայքում լինի նաև նրա հարցազրույցը երգի և Dorians-ի մասին»,- տեղեկացրեց նա։


Հայաստանը «Եվրատեսիլ 2013» մրցույթում ներկայացնող պատվիրակության պատասխանատու Գոհար Գասպարյանն էլ տեղեկացրեց, որ թեև համապատասխան արտիստները դեռևս Շվեդիայում չեն, սակայն բեմում արդեն ընթանում են փորձերը:


«Շվեդիայի մասնակիցները և պրոդյուսերները այնքան են զարգացրել այս գաղափարը, որ արդեն կրկնօրինակող դերասաններով փորձեր են անում: Այո, այդքան առաջ են գնացել Եվրատեսիլ կազմակերպչական աշխատանքները: Մենք երեկ արդեն դիտեցինք առաջին մեր փորձը: Պատկերացրեցինք, թե մեր պահանջները ինչպես են իրականացվելու»,- ասաց նա:

 

Խմբի մեներգիչ Գոռ Սուջյանն էլ Հայաստանի հանդիսատեսից խնդրեց էներգիա ու լավ տրամադրվածություն փոխանցել: «Սովորաբար, երաժիշտները կա՛մ հուզվում են մեծ հանդիսատեսից, կա՛մ ոգևորվում: Մենք ոգևորվող տեսանկյունից ենք փորձում մոտենալ»,-ասաց նա: