Ֆոտոցուցահանդես՝ «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» թեմայով

13:42 • 03.05.13

Այսօր՝ Մամուլի ազատության համաշխարհային օրը, Նկարիչների միության շենքում բացվել է «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով 3-րդ ֆոտոցուցահանդեսը, տեղեկացնում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը:


Մամուլի ազատության համաշխարհային օրը նշանավորելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի հետ համատեղ արդեն երրորդ տարին՝ 2010թ. ի վեր, կազմակերպում է «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով ֆոտոցուցահանդես:


Մեկշաբաթյա ցուցահանդեսի նպատակն է բարձրաձայնել տեղեկատվության իրավունքի իրացման մարտահրավերների և հնարավորությունների մասին և հիշեցնել կառավարությանը, ԶԼՄ ներկայացուցիչներին և հանրության լայն շերտերին այդ իրավունքի իրացման գործում իրենց ունեցած դերի մասին:


Ցուցահանդեսում ընդգրկված են 70 լուսանկար և ծաղրանկար, որոնք հետագայում կհրատարակվեն Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված հատուկ կատալոգում:

«Մամուլի ազատության համաշխարհային օրը համընդհանուր նշվող այն նշանակալից տոներից է, որը շեշտում է տեղեկատվության և արտահայտվելու ազատության իրավունքները»,– ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը:


«Յուրաքանչյուր ոք սեփական կարծիք ունենալու, այն արտահայտելու, ինչպես նաև ցանկացած մամուլով տեղեկություններ ստանալու իրավունք ունի: Եվրամիությունը միշտ կողմ է եղել տպագիր մամուլի և այլ ԶԼՄ-ների բազմակարծությանը»,–ընդգծել է նա։


Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ողջունելով նախաձեռնությունը՝ գովեստի խոսքեր է ասել կազմակերպիչներին և կարևորել մամուլի ազատության և տեղեկատվության մատչելիության դերը ժողովրդավարության արդյունավետության բարձրացման գործում` տեխնոլոգիաների և թվայնացման դարաշրջանում։


ԱՄՆ դեսպանը կոչ է արել լրագրողներին հետաքննել և վերլուծել Տեղեկատվության ազատության մասին օրենքի միջոցով հասանելի դարձած տեղեկությունները, այդ խնդիրները ներկայացնել հասարակության լայն շերտերին, իսկ Ինֆորմացիայի ազատության կենտրոնին խրախուսել է շարունակել իր լավ աշխատանքը:

ԵԱՀԿ Երևանի գրասենյակի Ժողովրդավարացման բաժնի ղեկավար Օլիվեր Մկքոյն իր հերթին ասել է, որ ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներն «անհատական ստեղծագործ մտքի և խոսքի ազատության իրական վկայությունն են»: «ԵԱՀԿ-ն ուրախ է լինել այս միջոցառման մի մասը: Ես անձամբ գնահատում եմ, որ յուրաքանչյուր լուսանկար Հայաստանում քաղաքացի լինելու յուրահատուկ դրսևորում է»,- նշել է նա։


Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյան իր հերթին ասել է, որ այս տարի ցուցահանդեսի մասնակիցները առանձնապես ակտիվ էին:


« Մենք ստացել ենք ավելի քան 500 լուսանկար և ծաղրանկար: Այդ լուսանկարներում հերոսները բարձրաձայնում են իրենց անհամաձայնությունը մամուլի ազատության, իրենց տեղեկություն ստանալու իրավունքի դեմ ուղղված բռնության նկատմամբ»,– ասել է նա։


Մամուլի ազատության օրը նշվում է մայիսի 3-ին ողջ աշխարհում՝ ևս մեկ անգամ կարևորելու լրատվամիջոցների ազատության հիմնարար սկզբունքները: Միավորված ազգերի գլխավոր ասամբլեան 1993 թվականին մայիսի 3-ը հայտարարեց Մամուլի ազատության օր՝ կարևորելով ազատ և անաչառ մամուլի զարգացումը և դրա դերը ժողովրդավարական հասարակության կայացման և զարգացման գործում: