Բուենոս Այրեսում նշվել է Հայաստանի Հանրապետության օրը

12:19 • 03.05.13

Բուենոս Այրեսում ընթացող գրքի 39-րդ Միջազգային ցուցահանդեսի շրջանակներում, որտեղ 40-ից ավելի երկրների թվում առանձին տաղավարով ներկայացված էր նաև Հայաստանը, մայիսի 1-ին ավանդաբար նշվեց Հայաստանի Հանրապետության օրը, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը:


Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ և արգենտինահայ համայնքային կառույցների օժանդակությամբ ցուցահանդեսի «Խորխե Լուիս Բորխես» սրահում կայացել է օրվա կենտրոնական ձեռնարկը, որին ներկա են եղել ավելի քան 1200 հանդիսականներ: Բացման խոսքով հանդես են եկել Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը և Բուենոս Այրեսի մշակույթի նախարար Էրնան Լոմբարդին:


Իր ելույթում դեսպան Մելիքյանը, մասնավորապես, նշել է, որ ավելի քան 30 տարի Հայաստանի տաղավարն իր յուրահատուկ և ճանաչելի տեղն ունի հեղինակավոր այս ցուցահանդեսում՝ շնորհիվ արգենտինահայ համայնքի անմիջական օգնության, աջակցության և գործուն մասնակցության։


«Խորհրդանշական զուգադիպությամբ 2012 թվականին Երևանը՝ Հայաստանի 12-րդ մայրաքաղաքը, պատիվն ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվելու որպես արդեն համաշխարհային գրքի 12-րդ մայրաքաղաք։ Եվ հատկանշական է, որ պատվավոր այդ տիտղոսը մենք ընդունեցինք Բուենոս Այրեսից»,– ասել է նա։
«Անցյալ տարի մեծ շուքով նշելով հայ գրատպության 500-ամյա հոբելյանը՝ Հայաստանը կարողացավ համայն գրականասեր հանրությանը պատմել հայ գրքի անցած երկարատև, դժվարին, ցավերով ու տանջանքներով, բայց և փառապանծ նվաճումներով լի ճանապարհի, ինչպես նաև ներկայիս հանգրվանի մասին»,– ավելացրել է ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը։


Նախարար Էրնան Լոմբարդին անդրադարձել է 2012 թ. Երևանը՝ որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու փաստին, այդ կապակցությամբ կայացած միջոցառումներին՝ ընդգծելով երկու երկրների մշակութային կյանքում գրքի ունեցած կարևոր նշանակությունը: Նա նաև իր տպավորություններն է կիսել վերը նշված առիթով Երևան կատարած այցից՝ բնութագրելով այն որպես բազմաբովանդակ և անմոռանալի:


Միջոցառման գեղարվեստական հատվածում հանդես են եկել արգենտինահայ երգիչ-երգչուհիներ, «Գայանե», «Մասիս», «Նարեկ» և «Նաիրի» պարախմբերը, որոնց ելույթներն արժանացան հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։