Պաբլո Պիկասոյի թոռնուհին աճուրդի կհանի հայտնի նկարչի կտավները

13:28 • 03.05.13

Հանրահայտ իսպանացի նկարիչ և քանդակագործ Պաբլո Պիկասոյի թոռնուհին՝ Մարինա Պիկասոն, Փարիզում կայանալիք աճուրդում կվաճառի իր պապիկի երկու կտավները՝ իր անձնական հավաքածուից, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Sotheby's աճուրդի տանը նշել են, որ վաճառքը կկայանա հունիսի 6-ին։

 

Մարինա Պիկասոն առաջին անգամ է որոշել նման աճուրդ անցկացնել։ Մինչ այդ, նա նկարչի կտավները վաճառում էր ծանոթների միջոցով։ Վաճառքից ստացված միջոցները կհատկացվեն երեխաների պաշտպանությանն ուղղված բարեգործական ակցիաներին։

 

Փարիզում վաճառքի կհանվեն 1943թ. օգոստոսի 31-ին նկարված «Մոխրագույն զգեստով նստած կինը», որի նախնական արժեքը կազմում է 2.5-3.5 մլն եվրո։ Նկարում պատկերված է Պիկասոյի մուսան՝ ֆրանսիացի նկարչուհի և լուսանկարիչ Դորա Մաարը։

Եվս մեկ կտավ, որը կներկայացվի աճուրդում, «Ներկապնակը և ցուլի գլուխը» բնանկարն է (1938թ.)։ Նախնական արժեքը կազմում է 1-1.5 մլն եվրո։


Երկու կտավներն էլ աճուրդից առաջ կցուցադրվեն Նյու Յորքում, Մոսկվայում և Փարիզում։