Այսօր ավելի շատ ուսանողներ հնարավորություն ունեն Գերմանիայում սովորելու. Արմեն Աշոտյան
Այսօր Հայաստանում առաջին անգամ հռչակվել է գերմաներենի ուսուցիչների և դասախոսների օր, ինչի առթիվ Հայաստանում Գերմանիայի դեսպանատան աջակցությամբ մեկնարկեց երկօրյա միջոցառումների շարք։ Միջոցառման պաշտոնական բացմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Աշոտյանը, ով նշեց, որ այսօր ավելի շատ ուսանողների է հնարավորություն ընձեռվում սովորել Գերմանիայի համալսարաններում, քան հինգ տարի առաջ։
«Այսօրվա միջոցառումը հերթականն է Հայաստանում՝ գերմանական մշակույթի և լեզվի դասավանդմանն ուղղված, և պետք է նշեմ, որ վերջին տարիներին հնարավորություն եղավ Հայաստանում ընդլայնել ուսուցման ծավալները»,- ասաց նա։
Արմեն Աշոտյանը նաև նշեց, որ ակնհայտ է, որ մեկ խնդիր ունենք այսօր, կարծես թե գերմաներենը նվաճել է մեր կանանց և աղջիկների սրտերը, բայց տղամարդիկ դեռևս դիմադրում են։
Իր ելույթից առաջ ԿԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը երկու դիտարկում արեց. «Ինչ լավ է, որ այսօր իրականում լռության օր է, և ինչ վատ է, որ ես այն մարդկանց շարքին եմ դասվում, որ այս դահլիճում թարգմանչի կարիք ունեն»։
Բացման խոսքով հանդես եկավ նաև գերմանական դեսպանատան աշխատակից Քրիստոֆ Ռեյնեգը։ «Որպես գերմանացի ուրախ եմ, որ այստեղ ակտիվություն կա գերմաներենի նկատմամբ։ Այս օրն առաջին անգամ ենք անցկացնում Հայաստանում, և այն հնարավորություն է տալիս փոխանակել փորձ, գիտելիքներ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Եվրոպական Միությունում ամենաշատ օգտագործվող լեզուն գերմաներենն է։
Վերջինս կարևորեց այսօրվա հանդիպումը և հույս հայտնեց, որ այն վերջինը չի լինի։










