Aerosmith-ը չեղյալ է համարել Ինդոնեզիայում համերգը՝ անվտանգության նկատառումներից ելնելով

15:34 • 05.05.13

Ամերիկյան լեգենդար Aerosmith ռոք խումբը չեղյալ է համարել Ինդոնեզիայի մայրաքաղաքում համերգը. նման որոշումը հաջորդել է իշխանությունների կողմից Ջակարտայում Մյանմայի (պետություն Հարավարևելյան Ասիայում) դեսպանատան մոտ ահաբեկչության կանխմանը, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։

 

Համերգի կազմակերպիչ Ismaya Live ընկերության ներկայացուցչի խոսքով՝ գրեթե բոլոր 15 հազ. տոմսերը վաճառվել էին։ Ընկերության կայքում տեղադրված պաշտոնական հաղորդագրությունում երաժիշտները ներողություն են խնդրել երկրպագուներից. կազմակերպիչները, իրենց հերթին, խոստանում են վերադարձնել տոմսերի գումարները։

 

Ուրբաթ հայտնի էր դարձել, որ ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները ձերբակալել են երկու մարդու, որոնց մոտ գտնվել են պայթուցիկներով լի պայուսակներ։

Հարցաքննության ժամանակ ձերբակալվածները չեն հերքել, որ պատրաստվել են ահաբեկչություն իրականացնել դեսպանատան մոտ՝ որպես «Մյանմայում ցեղասպանության համար ջիհադի ակտ»։