Հյուսիսային Օսիայում հնագույն մշակույթի ինքնատիպ հետքեր են հայտնաբերվել
ՌԴ հարավում գտնվող Վլադիկավկազ քաղաքում (Հյուսիսային Օսիայի կենտրոնական հատվածում) մայրուղու ընդլայնման աշխատանքների ժամանակ ալանյան մշակույթի հետքեր են հայտնաբերվել, հայտնում է Вести-ն։
Հնագույն մարդկանց մնացորդներ, սպասք և զարդեր. այս ամենն անգին գտածո է գիտնականների համար։ Արշավախմբի մասնակիցները դրանց կողքին գտել են նաև մեր թվարկության առաջին դարերի բնակավայր։ Այս գտածոն նրանք բացառիկ են համարում։
«Տվյալ դեպքում մենք ուսումնասիրում ենք ոչ միայն XII-XIV դարերի գերեզմանոցը, այլև մեր թվարկության առաջին դարերի մի բնակավայր։ Դրանց նշանակությունն առաջին հերթին այն է, որ բնակավայրի այս հատվածի մասին հայտնի չի եղել»- ասել է աշխատանքների ղեկավար Մարատ Բակուշը։
Այստեղ հայտնաբերվել են կերամիկա, բրոնզե զարդեր, կենցաղային իրեր. այս ամենը կօգնի լույս սփռել հնագույն քաղաքի գոյության վրա։
Հնագետներին դեռ շատ աշխատանք է սպասվում։ Օրինակ՝ երեխայի գերեզմանում հայտնաբերվել է կերամիկական անոթ, որը եղել է երեխայի ուսին։ Հավանաբար՝ դա եղել է ծիսակարգի մի մաս։ Պատմաբանները գտածոն վերագրում են միջնադարին։ Անոթը մոտ 800 տարվա պատմություն ունի, սակայն կարծես նոր լինի։










