Գարիկ Մարտիրոսյանը, դուդուկը, Էջմիածինը, խաչքարերը, Գառնին. Կիրովի մարզպետ Բելիխը մայիսյան արձակուրդն անցկացրել է Հայաստանում
Կիրովի մարզպետ (մարզ Ռուսաստանում) Նիկիտա Բելիխը մայիսյան արձակուրդն (Աշխատավորների միջազգային օրվա (մայիսի 1), ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրվա կապակցությամբ (մայիսի 9) Ռուսաստանում մայիսի 1-12-ը տոնական՝ ոչ աշխատանքային օերեր են) անցկացրել է Հայաստանում:
«Մի քանի օրով Հայաստան եմ այցելում: Կրկին ցանկանում եմ լինել Էջմիածնում, Զզվարթնոցում, Գեղարդում, ցանկանում եմ դուդուկի ձայնը լսել, այցելել Սևան, Ջանիբեկյանի (թե որ Ջանիբեկյանին նկատի ունի, չի նշվում-Tert.am) հետ սուրճ խմել»,-մայիսի 1-ին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Բելիխը:
Հայտնի քաղաքական գործչի ծանոթությունը հայկական մշակույթին սկսվել է 1990-ականներից. Բելիխը շարունակելով գրում է, որ 5-րդ դասարանում ընթերցել է հայ ազգային էպոսը՝ «Սասնա ծռերը»:
«Թվիեթեր» սոցիալական կայքում հաջորդ գրառումը Բելիխն արել է արդեն Հայաստանում... հայկական մշակույթին ավելի մոտիկից ծանոթանալու նպատակով մարզպետը նույնիսկ էքսկուրսավարի է վարձել. «Մինչև ուշ երեկո էքսկուրսավարի հետ քննարկել ենք 20-րդ դարի սկզբի հայոց պատմությունը»,-գրում է նա՝ ավելացնելով, որ «Գաֆեսճյան» արվեստի կենտրոն է այցելել, զմայլվել քանդակներով:

Բելիխն այնուհետ սկսել է ճամփորդել Հայաստանով. այցելել է Կոտայքի մարզ: «Թեկուզ միայն խաչքարերով զմայլվելու համար արժի այցելել Գեղարդ: Այս վայրերի էներգետիկան շատ դրական է: Մտածում եմ՝ ավելի քան երկու հազար տարի առաջ հայ թագավորները որքան ճիշտ են վարվել, երբ իրենց ամառանոցների համար այս վայրերն են ընտրել»,-իր տպավորություններն է ներկայացնում նա:

Բելիխին ամենից շատ, սակայն, տպավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը.
«Եղել եմ Հայոց ցեղասպանության թանգարանում, տպավորություններս ցնցող են: Բոլորին խորհուրդ եմ տալիս այցելել»:

Բելիխի հաջորդ հանգրվանն Արմավիրի մարզն է եղել, Վաղարշապատ քաղաքը, Էջմիածնի Մայր Տաճարը, եկեղեցուն կից թանագարանը: «Էջմիածինն է,-«Թվիթերում» գրում է նա: Կամարաձև հուշակոթողի վրա Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների պատկերներն են, հենց նրանք են Հայաստանում քրիստոնեություն տարածել... Հայտնի նիզակն է, որով հռոմեացի լեգիոներ Լոնգինը խոցել է Քրիստոսի մարմինը, որպեսզի համոզվի, որ նա արդեն մահացած է… Մասնիկ է՝ Նոյյան տապանից, Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսների և եպիսկոպոսների խույրերը... գավազաններ... (10-րդ դար) հայոց թագավոր Աշոտ Երկաթի խաչը... Խաչքարեր»:


Այցը լի է եղել նաև անակնկալներով: Վաղարշապատում (Էջմիածին) երիտասարդ քաղաքական գործիչը հանդիպել է ռուս պրոդյուսեր, սցենարիստ, երգիծաբան Սեմյոն Սլեպակովին և Ռուսաստանում հայտնի հաղորդավոր, հումորիստ Գարիկ Մարտիրոսյանին:
Գարիկ Մարտիրոսյանի հետ հանդիպման հիշողությունները Բելիխին ստիպում են կատակել. «Ինձ տարօրինակ արտաքինով մի երիտասարդ մոտեցավ: Ամեն դեպքում որոշեցի թաքցնել դրամապանակս ու հեռախոսս... Ձեր նմաններն են խայտառակում «ռեսպուբլիկան»,- գրել է մարզպետը՝ իր միկրոբլոգում տեղադրելով Գարիկ Մարտիրոսյանի լուսանկարը:

Էջմիածնում Բելիխը հասցրել է նաև լուսանակարվել Սլեպակովի հետ: «Էջմիածնում մեզ միացավ մշակույթի մեկ այլ սիրահար»,-երգիծաբանի հետ հանդիպման մասին գրում է մարզպետը:

Բելիխը եղել է նաև Գեղարքունիքի մարզում. այցելել է Սևանա լիճ,Սևանի թերակղզու վրա գտնվող հայկական վանական համալիր՝ Սևանավանք... և վերջապես սուրճ վայելել:
«Հայաստանը դեռ Խորհրդային Միության ժամանակներից «ամենասրճային հանրապետությունն էր» եղել»,-նշում է նա:

Քաղաքական գործիչը շրջել է նաև Երևանի փողոցներով. Հյուսիսային պողոտայում անցկացվող «Գրքի բանկ - նվիրատվության տաղավար» ծրագիրը (տեղադրված տաղավարում յուրաքանչյուրը կարող է գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գրքեր նվիրել) Բելիխին ոչ միայն տպավորել, այլև ոգեշնչել է:«Թվիթերով» «հրատապ հաղորդագրություն է» ուղարկել իր ընկերներին՝ «առաջարկում եմ նմանատիպ մի ծրագիր էլ Կիրովում իրականացնել, պատրաստ եմ ֆինանսապես օժանդակել»:











