Ֆանտոմասը 100 տարեկան է. փաստեր ամենահայտնի կինոչարագործի մասին (լուսանկարներ)
Բազմաթիվ սերունդների և ժողովուրդների կողմից սիրված հրեշ՝ հիանալի չարագործ Ֆանտոմասը (ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է մարդ-տեսիլք), այս տարի նշում է իր հոբելյանը, գրում է segodnya.ua-ն։
Ուղիղ 100 տարի առաջ կինոսիրահարները հնարավորություն ստացան մի լավ վախենալ. ռեժիսոր Լուի Ֆեյադի «Ֆանտոմաս» համր ֆիլմը՝ Ռենե Նավարի գլխավոր դերակատարմամբ, քիչ ընդհանրություններ ունի 1960-ական թթ. կատակերգական «Ֆանտոմասի» հետ։
Այն ժամանակ՝ 1913-ին, ֆիլմի վարձույթի առաջին շաբաթվա ընթացքում այն դիտել էր 80 հազ. մարդ։ Շուտով կինոհերոսի անունով սկսում են անվանել նավեր և ռեստորաններ, արագորեն վաճառվում են նրա կերպարով արձանիկներ։ Ֆանտոմասը բրենդ է դառնում։
Իրականում Ֆանտոմասը կինոարտադրողների երևակայության արդյունքը չէ, այլ ֆրանսիացի գրողներ Մարսել Ալենի և Պյեր Սուվեստրի գրքերի հերոս։ Սադիստի և կերպարանափոխության վարպետի չարագործությունների մասին առաջին գիրքը լույս է տեսել էկրանավորումից երկու տարի առաջ։ Ֆանտոմասն Ալենի և Սուվեստրի կողմից գրված 32 վեպերի հերոս է։ Եվս 11 գիրք Ալենը գրել է 1914-ին՝ համահեղինակի մահից հետո։













