Չինացի ռեժիսոր Չժան Իմոուին պատիժ է սպառնում բազմազավակության համար
Համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսոր, 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի բացման արարողության բեմադրող Չժան Իմոուի նկատմամբ հետաքննություն է տարվում. նրան մեղադրում են ծնելիության սահմանափակման քաղաքականությունը խախտելու համար, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով չինական ԶԼՄ-ներին։
Վերջին օրերին բոլոր չինական ԶԼՄ-ները քննարկում են ռեժիսորի անձնական կյանքը։ Նրանց տեղեկություններով՝ Իմոուն ունի 7 երեխա՝ չորս կանանցից։ Փորձագետների գնահատականով՝ նրան կարող են պատժել ոչ միայն բազմազավակության, այլև մինչ ամուսնությունը երեխաներ ունենալու համար։
Փաստաբանները հաշվարկել են, որ բազմազավակությունը կարող է ռեժիսորին մոտ 160 մլն յուան (26 մլն դոլար) արժենալ, ինչը կրկնակի գերազանցում է չինական կինոյի աստղի տարեկան եկամուտը։ Անձամբ Իմոուն զբաղված է նոր ֆիլմի աշխատանքներով և ոչ մի կերպ չի մեկնաբանում իրավիճակը։
Ռեժիսորի ամենահայտնի աշխատանքներից են «Հերոսը», «Թռչող դաշույնների տունը», «Բարձրացրու կարմիր լապտերը» ֆիլմերը։










