Դոմինիկ Կուպերը կնկարահանվի Դրակուլայի մասին ֆիլմում

14:19 • 09.05.13

Դերասան Դոմինիկ Կուպերը «Դրակուլա» ֆիլմում նկարահանվելու շուրջ բանակցություններ է վարում, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Variety-ին։


Բանակցությունների հաջող ավարտի դեպքում Կուպերը կմիանա Լյուկ Էվանսին, ով ֆիլմի գլխավոր դերակատարն է։

 

Variety-ն չի պարզաբանում, թե ում դերը կմարմնավորի Կուպերը, սակայն, Coming Soon-ի տվյալներով, դերասանին առաջարկել են թուրք սուլթանի դերը. հենց նրա պատճառով է Վալախիայի իշխանը դառնում վամպիր, քանի որ սուլթանից է կախված լինում նրա կնոջ և երեխայի կյանքը։

 

Բացի Էվանսից և Կուպերից, ֆիլմում կնկարահանվի նաև Սառա Գադոնը։ Ենթադրվում է, որ նա ֆիլմում կմարմնավորի Դրակուլայի սիրելիի դերը։ Ֆիլմի արտադրությունը պետք է սկսվի այս տարվա 2-րդ կեսին։ Նկարահանումները կղեկավարի իռլանդացի Հարի Շորը։

 

Ֆիլմի արտադրությամբ զբաղվող Universal ընկերության ներկայացուցիչներն ավելի վաղ հայտնել էին, որ նոր ֆիլմը Բրեմ Սթոքերի վեպի էկրանավորումը չէ։ Այն ստեղծելու համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել վամպիրների մասին լեգենդներն ու առասպելները, ինչպես նաև Վալախիայի իշխան Վլադ 3-րդ Ցեպեշի մասին իրական պատմությունները։