Մեր ապագա զինվորները. տոնական օրը Եռաբլուրում (տեսանյութ, լուսանկարներ)

16:37 • 09.05.13

Մարտական ընկերներ, հարազատներ, հերոս մայրեր, աշակերտներ, մանուկներ, հրամանատարներ, գույնզգույն ծաղիկներ. հավերժ քուն մտած անմահ հերոսների շիրիմներին այցելող մարդկանց հոսքից բազմամարդ էր այսօր Եռաբլուրի բարձունքը: Ահա այսպես է հարգում իր հերոսների հիշատակը հայ մարդն ու հարգանքը փոխանցում սերունդներին։


Tert.am-ի հատուկ ուշադրությանն այսօր արժանացան փոքրիկները: 6-ամյա Կորյունը, ով Արցախյան ազատամարտին մասնակցած պապիկի անունն էր կրում, այսօր Եռաբլուր էր այցելել զինվորի տոնական համազգեստով: Երեխան գիտեր, թե ուր էր եկել, ավելին՝ գիտեր նաև, թե ինչ է արել իր պապիկը պատերազմում: «Եկել եմ Եռաբլուր, որ ծաղիկ դնեմ, պապիկիս ընկերներն են այստեղ: Որ մեծանամ, զինվոր եմ դառնալու, պապիկիս գործն եմ շարունակելու, Հայաստանը պաշտպանելու եմ»,- մեզ հետ զրույցում ասաց Կորյունը:


«Եկել եմ էն ամանի մեջ ծաղիկ դնեմ, Համլետ քեռու մոտ եմ եկել, Համլետ քեռին լավ բան ա արել»,-ասաց 3-ամյա Դավիթ Եղիշյանը:


Իր Արսեն հորեղբորն այցելած փոքրիկը նույնպես համազգեստով էր Եռաբլուրում: «Եկել եմ ու պաչել եմ Արսեն հոպարին»,-ասաց նա և ավելացրեց, իր այդ համազգեստը միայն Եռաբլուր գալիս է հագնում: