Խաիմ Սուտինի կտավը ռեկորդ է սահմանել Christie's աճուրդում

14:30 • 09.05.13

Բելառուսական ծագում ունեցող ֆրանսիացի նկարիչ Խաիմ Սուտինի «Փոքրիկ հրուշակագործը» կտավը Christie's աճուրդում վաճառվել է 18 մլն դոլարով, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։

 

Նկարի արժեքը Սուտինի ստեղծագործությունների համար աճուրդային ռեկորդ է դարձել։


«Փոքրիկ հրուշակագործը» եղել է աճուրդային օրվա գլխավոր նմուշը, որի նախնական արժեքը եղել է 16-22 մլն դոլար։

 

1920-ական թվականների վերջին նկարված կտավը փարիզցի աշխատավորների մասին կտավների շարքից է։ Սուտինի նկարների համար նախկին աճուրդային ռեկորդը կազմել է 17.2 մլն դոլար. դա եղել է 2007-ին։

 

Աճուրդում ներկայացվել է նաև Մարկ Շագալի «Երեք ակրոբատ» նկարը։ 6-9 մլն դոլար նախնական արժեքով նկարը վաճառվել է 13 մլն դոլարով՝ դառնալով 2-րդ ամենաթանկ նմուշը։


Իմպրեսիոնիստների կտավների վաճառքը Christie's-ում կշարունակվի մայիսի 9-ին։