Լեոնարդո դի Կապրիոյին ցանկանում են տեսնել «Համլետի» դերում

23:09 • 10.05.13

Շեքսպիրի «Համլետ» ողբերգությունը բազմիցս ենթարկվել է էկրանավորման: Դանիայի արքայազնի դերում հանդես են եկել այնպիսի հանրահայտ դերասաններ, ինչպիսիք են Լոուրենս Օլիվիեն, Քեննեթ Բրանան և Մել Գիբսոնը: Չի բացառվում, որ այս կերպարը կմարմնավորի նաև Լեոնարդո դի Կապրիոն:


Այս մասին, համենայն դեպս, երազում է ռեժիսոր Բազ Լուրմանը: Դի Կապրիոն նկարահանվել է Լուրմանի «Ռոմեո և Ջուլիեթ» և «Մեծն Գեթսբի» ֆիլմերում:

 

«Ինձ համար «Գեթսբին» ամերիկյան «Համլետն» է, այնպես որ դի Կապրիոյի նկարահանվելը «Համլետի» դերում տրամաբանական շարունակություն կլիներ», - «Մեծն Գեթսբիի» նյույորքյան պրեմիերայի ժամանակ The Hollywood Reporter-ին հայտնել է Լուրմանը:

 

Դեռևս հայտնի չէ՝ արդյո՞ք դի Կապրիոն հետաքրքրված է դերով, թե ոչ: Համենայն դեպս, այս տարվա սկզբին նա հայտնել էր, որ պատրաստվում է հանգստանալ կինոյից և զբաղվել բացառապես էկոլոգիայի հարցերով:


Վերջին ֆիլմը, որում նկարահանվել է դի Կապրիոն ամերիկացի հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի «Ուոլ Սթրիթի գայլը» դրաման է, որի պրեմիերան տեղի կունենա 2013-ի նոյեմբերի 15-ին: