Լոնդոնում կբացվի 16-17-րդ դարերի կտավներում արտացոլված նորաձևությանը նվիրված ցուցահանդես (լուսանկարներ)

10:25 • 10.05.13

Լոնդոնի Բուքինգհեմյան պալատում այսօր կբացվի ցուցահանդես՝ նվիրված այն հարցին, թե ինչպես է արտացոլվել կտավներում Թյուդորների և Ստյուարտների ժամանակաշրջանի նորաձևությունը, գրում է РИА Новости-ն։

 

«The Fine Style: The Art of Tudor and Stuart Fashion» ցուցահանդեսում ներկայացված է ավելի քան 60 դիմանկար։


«Առաջին անգամ նման ցուցադրություն անցկացնելու գաղափարն առաջարկել եմ երեք տարի առաջ։ Այս ամբողջ ժամանակահատվածում մենք պատրաստում էինք այն։ Ամենադժվարն ընտրության գործընթացն էր. թագավորական հավաքածուում կա 8 հազ. նկար և 4 հազ. մանրանկար։ Երբեմն ստիպված էինք լինում ընտրել հայտնի հեղինակների լավ և միջին որակի նկարների միջև, որոնք, սակայն, նկարված էին հագուստի և դետալների նկատմամբ մեծ ուշադրությամբ»,- ասել է ցուցահանդեսի կազմակերպիչ Աննա Ռեյնոլդսը։

 

Բացի կտավներից, ցուցադրությանը ներկայացված են նաև 16-17-րդ դարերի տղամարդկանց և կանանց հագուստների տասնյակ աքսեսուարներ։


Ցուցահանդեսի կազմակերպիչները ստեղծել են iPad-ի հատուկ հավելված, որի օգնությամբ կարելի է ոչ միայն վիրտուալ էքսկուրսիա կատարել, այլև «փորձել» այդ դարաշրջանի հագուստները՝ «տեղադրելով» կտավներում սեփական լուսանկարը։


Ցուցադրությունը կտևի մինչև 2013թ. հոկտեմբերի 6-ը։

 

 

Портрет маленького мальчика, 17-й век