«Եվրատեսիլի» կայքը «Դորիանսի» հիմնական փորձը որակել է որպես «համոզիչ ելույթ» (տեսանյութ, լուսանկարներ)
«Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Սուջյանը իր «Դորիանս» խմբով ելույթ է ունեցել Շվեդիայի Մամլո Արենայում, որտեղ անցկացվել են մրցույթային համերգի փորձերը, հայտնում է «Եվրատեսիլի» կայքը: «Գոռ Սուջյանը և «Դորիանս» խումբը իրենց երկրորդ փորձի ժամանակ, ինչպես և առաջին ելույթից հետո, հիանալի տպավորություն են թողել՝ ներկայանալով վոկալային առումով հզոր և շատ գեղեցիկ կատարմամբ»,- գրում է կայքը «Համոզիչ ելույթ՝ «Դորիանսի» կողմից» վերնագրված անդրադարձում:
Գոռ Սուջյանը ելույթից հետո հարցազրույց է տվել Eurovision.tv կայքին: Նա պատմել է, որ խմբի տղաները գոհ էին իրենց առաջին փորձից և երկրորդ փորձից առաջ իրենց ավելի վստահ և հարմարավետ էին զգում:
Գոռը բեմ է բարձրացել ջինսով, սպիտակ վերնաշապիկով և մոխրագույն պիջակով: Խմբի մյուս անդամները ևս ելույթ են ունեցել ջինսերով՝ որպես խմբի միասնականության խորհրդանիշ:
Մամլո ասուլիսի ժամանակ հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը հայտնել է, որ իրենք «Դորիասնի» առաջին փորձնական ելույթից հետո գոհ էին 60 տոկոսով, իսկ երկրորդ ելույթից գոհ են 99 տոկոսով:

















