Ռոք երաժիշտները նպատակ ունեն Հայաստանում ձեռք բերել հնարավորինս մեծ լսարան, որը հիմա էլ փոքր չէ

15:13 • 11.05.13

Մայիսի 15-17-ը Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա ամենամյա երիտասարդական ռոք մրցույթ-փառատոն, որին կմասնակցեն Հայաստանից, Իրանից ու Վրաստանից մրցութային հայտ ներկայացրած 12 խմբեր:

Թուրքիայի մասնակիցը կազմակերպչական պատճառներով ներկա չի լինի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը մանրամասնեցին փառատոնի կազմակերպիչ Վարդուհի Դավթյանը, պրոդյուսեր Արմեն Սարգսյանը, ժյուրիի անդամները՝ մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը, The Beautified Project խմբի հիմնադիր-անդամ Անդրե Սիմոնյանը և «Նաիրի» ռոք խմբի երգիչ, ժյուրիի անդամ Այդին Դավուդին:


Փառատոնի կազմակերպիչները նշեցին, որ փառատոնի նպատակն է՝ իրականացնել ծրագրեր, որոնք քաջալերում են ռոք խմբերին, հատկապես նկուղային ակումբային խմբերին, որպեսզի վերջիններս ավելի մեծ բեմեր բարձրանան ու Հայաստանում էլ պրոպագանդվի ռոք և կենդանի երաժշտությունը:


«Նախ պետք է ձեռք բերել լայն լսարան, որը մենք անում ենք: Աշխարհում ամենալայն լսարանը ունի ռոք երաժշտությունը, որի միջոցով կարելի է լուծել շատ՝ թե՛ քաղաքական, թե՛ մշակութային հարցեր, եթե ունես լայն լսարան: Հիմա մենք ուզում ենք ձեռք բերել Հայաստանում լայն լսարան, իսկ դրանից հետո կլինի արդեն ձեր ասած հարցի պատասխանը»,- ասաց Դավիթ Սահակյանցը՝ ի պատասխան հարցի, թե ռոք երաժիշտները երբ հացի խնդիրը կարող են լուծել ոչ թե ակումբներում «կոպեկներով» երգելով, այլ ավելի կայուն ու լավ վարձատրվող նախագծերի միջոցով:


Նրա խոսքով՝ ինչպես ամեն մի գործ, «սա էլ մի գործ է», որը սկսում են քիչ եկամուտներից, որպեսզի հետո ակնկալեն մեծ եկամուտները: «Եթե այս փառատոնը շարունակական լինի, վստահ եմ կլինի՝ ավելի շատ հյուրեր ունենանք հաջորդ տարիներին»,- ասաց The voice նախագծում «Հանուն Հայաստանի ռոքի» կարգախոսով հանդես եկող Այդին Դավուդին, ում խոսքով Հայաստանը. հատկապես, 80–ականներին եղել է «բավականին ռոքային երկիր»:


Իսկ Դավիթ Սահակյանցն էլ ներկայացնելով Հայաստանում ռոք լսարանին՝ նշեց, որ դրանց մեջ շատ են թե՛ երեխաները, թե երիտասարդները, թե՛ ավագ սերունդը:


Ինչ վերաբերում է այն կարծրատիպին, որ հայաստանյան երիտասարդությունը փոփ, ռաբիզ և այսպես կոչված՝ 8 ու 6 երաժշտության սիրահար է, ապա ռոքի սիրահարները այդ կարծիքին չեն: