«Եվրատեսիլ 2013» մրցույթի 11 ֆավորիտները՝ ըստ բուքմեյքերների (լուսանկարներ, տեսանյութ)

18:00 • 13.05.13

Վաղը՝ մայիսի 14-ին, շվեդական Մալմո քաղաքում մեկնարկում է «Եվրատեսիլ 2013» միջազգային երգի մրցույթը, ինչի կապակցությամբ ռուսական РИА-Новости կայքը, հիմնվելով բուքմեյքերական գրասենյակների կանխատեսումների վրա, ներկայացրել է մրցույթի 11 ֆավորիտներին։


1.
Այս տարի հաղթանակի հիմնական հավակնորդը Դանիայի 19-ամյա ներկայացուցիչ Էմիլի դե Ֆորեստն է՝ Teardrops («Միայն արցունքներ») երգով։ Երիտասարդ աղջիկը սիրում է ոտաբոբիկ երգել, քանի որ դա իրեն օգնում է զգալ հողի էներգիան։ «Եվրատեսիլ 2013»-ը ևս բացառություն չի լինի, և Էմիլին առանց կոշիկների բեմ դուրս կգա։ Դանիայի ներկայացուցիչը սկսել է երաժշտությամբ զբաղվել 14 տարեկանից՝ երգելով եկեղեցական երգչախմբում։

2.
Հաջորդ տարի «Եվրատեսիլ»-ն Ուկրաինայում անցկացնելու իրավունքի համար պայքարում է Զլատա Օգնևիչը, ով բուքմեյքերների ֆավորիտների ցանկում 2-րդ տեղն է զբաղեցնում։ Երգը, որով նա կներկայանա մրցույթին, կոչվում է Gravity ( «Ձգողություն»)։ Նախատեսվում է, որ նրա ելույթի ժամանակ բեմում կլինի նաև աշխարհի ամենաբարձրահասակ (2մ, 34.5 սմ) մարդկանցից մեկը՝ Իգոր Վովկովինսկին։ 




3. 

Բուքմեյքերների ցանկում 3-րդ տեղում է 27-ամյա Մարգարեթ Բերգերը, ով ելույթ կունենա 2-րդ կիսաեզրափակչում։ Նա նշել է, որ իր հիմնական նպատակն է վերադարձնել Նորվեգիան մրցույթի լավագույն 10-յակ։ Մալմոյում երգչուհին կներկայացնի I feed you my love («Սնուցում եմ քեզ, իմ սեր») երգը։

 

4.
Ռուսաստանը ներկայացնող 22-ամյա Դինա Գարիպովան, ով հայտնի է դարձել «The Voice»
մրցույթը հաղթելուց հետո, ըստ բուքմեյքերների, կզբաղեցնի 4-րդ հորիզոնականը։ Մեղեդային What if ( «Իսկ եթե») ստեղծագործությունը, որը Դինան կկատարի նվագախմբի ուղեկցությամբ, գրել են շվեդ կոմպոզիտորները։

 

5.
Անցած տարի «Եվրատեսիլ» մրցույթում հաղթած Ադրբեջանը 2013թ. ներկայացնում է Ֆարիդ Մամեդովը, ով «Բյուլբյուլլար» («Սոխակներ») խմբի մեներգիչն է։ Երիտասարդը մրցույթին կներկայանա Hold Me («Բռնիր ինձ») ռոմանտիկ բալլադով։ Ինչ վերաբերում է նրան, թե որ հորիզոնականը կզբաղեցնի երգիչը, ապա այս հարցում բուքմեյքերական գրասենյակներն ընդհանուր հայտարարի չեն գալիս։ Ոմանց կարծիքով՝ դա կլինի 5-րդ, իսկ մյուսներն էլ գտնում են, որ 8-րդ հորիզոնականը։

 

6.
Ladbrokes բուքմեյքերական գրասենյակի կանխատեսումների համաձայն՝ այս տարի 5-րդ հորիզոնականում կհայտնվի Վրաստանը, իսկ William Hill գրասենյակի կարծիքով՝ երկիրը կզբաղեցնի 6-րդ հորիզոնականը։ Մեր հարևան երկիրն այս տարի կներկայացնեն Սոֆի Գելովանին ու Նոդի Տատիշվիլին, ովքեր բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիրներ են։ Զույգը կներկայանա Waterfall («Ջրվեժ») երգով։ 

 

 7.
Իտալական հանրահայտ «Սան Ռեմո» երգի մրցույթի այս տարվա հաղթող Մարկո Մենգոնին, ըստ ամենայնի, կզբաղեցնի 6-րդ կամ 7-րդ հորիզոնականը։ Նա կներկայանա L’essenziale («Ամենագլխավորը») ստեղծագործությամբ, որը նրան հաղթանակ է բերել Սան Ռեմոյում։

 

 

8.
Գերմանական Cascada խումբը ֆավորիտների վարկանիշային աղյուսակում, ըստ Ladbrokes-ի, զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը, իսկ William Hill-ի դեպքում՝ 9-րդը։ 2004թ. ստեղծված խումբը, որի վոկալիստն է Նատալի Հորլերը, մեծ ճանաչում ունի ոչ միայն հայրենիքում, այլ նաև ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։ Այն կներկայանա Glorious («Փառահեղ») երգով։

 

 

 9.
«Եվրատեսիլ 2013» մրցույթը հյուրընկալող երկրի ներկայացուցիչը ՝ 22-ամյա Ռոբին Շերնբերգը, ըստ William Hill-ի, կզբաղեցնի 8-րդ հորիզոնականը, մինչդեռ Ladbrokes-ը կասկածի տակ է առնում, որ նա կներառվի լավագույն 10-յակում։
Երիտասարդը կներկայանա You («Դու») երգով։

 

10. 

9-րդ հորիզոնականը Ladbrokes գրասենյակը տալիս է Նիդեռլանդները ներկայացնող Անուկ երգչուհուն, ով այս տարվա մրցույթի ամենափորձառու մասնակիցն է։ Իսկ William Hill-ը նրան տեսնում է 10-րդ հորիզոնականում։ Անուկի առաջին ալբոմը լույս է տեսել 1997թ. և 4 անգամ «պլատինե» է ճանաչվել։ Շվեդական Մալմոյում նա հանդես կգա Birds («Թռչուններ») երգով։

 

 

11. 

Սան Մարինոյի ներկայացուցիչ Վալենտինա Մոնետան, ով կզբաղեցնի 10-րդ հորիզոնականը, ըստ Ladbrokes-ի, որոշել է այս մրցույթում իր բախտը փորձել 2-րդ անգամ։ Անցած տարի նա մասնակցել է, սակայն հաջողություն չի ունեցել։ Երգչուհին կներկայացնի Crisalide Vola ( «Տիկնիկ, թռիր») երգը, որը կկատարի իտալերենով։