Թոնի Այոմին կոչ է արել իր երկրպագուներին «Եվրատեսիլ»-ում քվեարկել Հայաստանի օգտին (տեսանյութ)

13:40 • 13.05.13

Լեգենդար Black Sabbath բրիտանական ռոք խմբի ճանաչված կիթառահար Թոնի Այոմին իր պաշտոնական կայքում մի հաղորդագրություն է տեղադրել, որում իր երկրպագուներին կոչ է արել «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի ժամանակ քվեարկել Հայաստանը ներկայացնող Գոռ Սուջյանի և Dorians ռոք խմբի Lonely Planet երգի օգտին։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ The Birmingham Mail պարբերականի հետ զրույցում կիթառահարն անկեղծորեն խոստովանել էր, որ շոկի մեջ է հայտնվել, երբ բազմաթիվ ստեղծագործությունների միջից ընտրվել է հենց իր երգը՝ այս մրցույթին Հայաստանը ներկայացնելու համար։

 

«Դա պարզապես փոքրիկ բալադային ստեղծագործություն էր, որը ես գրել էի 4 կամ 5 տարի առաջ, սակայն այն երբևէ չէր թողարկվել։ Ես միշտ էլ ցանկացել եմ հեռու մնալ «Եվրատեսիլ»-ից, սակայն այժմ դրա մեջ եմ։ Սա փոքր- ինչ տարօրինակ է, սակայն հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կանցնի»,-ասել է 65-ամյա կիթառահարը։

 

Եվրատեսիլյան երգն Այոմիին Հայաստանի հետ կապող միակ օղակը չէ. երաժիշտը բարեգործական ծրագիր է իրականացնում Գյումրիում, որի շրջանակներում երկրաշարժի հետևանքով փլված երաժշտական դպրոցը վերականգնվել է, կահավորվել  և արդեն սեպտեմբերին կբացի իր դռները։